Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախկին փոխնախագահ Կարեն Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջել է բռնագանձել 20-ից ավելի գույք և 229 միլիոն դրամ, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Բռնագանձման ենթակա գույքի թվում է Երևանի կենտրոնում գտնվող 14 անշարժ գույք, ինչպես նաև 1 անշարժ գույքի գնման իրավունք, 8 տրանսպորտային միջոց, մասնակցություն 10 ԻԱ-ում (իրավաբանական անձ)։
Բացի այդ Դավթյանին կպարտավորեցնեն վճարել 105 171 000 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 124 000 000 դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել ու բռնագանձել:
Ընդհանուր առմամբ, դրամական պահանջի չափը կազմում է շուրջ 229 171 000 դրամ՝ չհաշված տասնյակից ավելի անշարժ ու շարժական գույքերը, ինչպես նաև բիզնեսներում ունեցած մասնակցությունները:
Դավթյանը «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատումն իրականացնող ընկերության հիմնադիր 25% բաժնետերերից է։ 2023-ին Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձի։
