Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրամիության միջոցներով Կիպրոսում 1974 թվականի իրադարձությունների ժամանակ սեռական բռնության ենթարկված կանանց նվիրված հուշարձան կառուցելու վերաբերյալ առաջարկը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Գերատեսչությունը հայտարարել է, որ ԵՄ 2027 թվականի բյուջեի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացության մեջ ներառված առաջարկը նպատակ ունի «վարկաբեկելու թուրքական զինված ուժերը»։ Գերատեսչությունը պնդել է, որ կիպրոսյան հունական կողմի ներկայացրած մեղադրանքները «խեղաթյուրում և քաղաքականացնում են պատմական փաստերը»։
«Կիպրոսի խնդրի կարգավորմանը նպաստելու փոխարեն ԵՄ կառույցները հեռանում են անաչառության և արդարության սկզբունքներից և վերածվում կիպրոսյան հունական կողմի քարոզչության գործիքի»,- ասված է հայտարարությունում։
Եվրախորհրդարանի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովը հավանություն է տվել Եվրահանձնաժողովին ուղղված առաջարկին՝ Կիպրոսի Հանրապետության հետ համատեղ ֆինանսավորել 1974 թվականին սեռական բռնության ենթարկված կանանց նվիրված հուշարձանի կառուցումը։ Նախաձեռնությունը ներկայացրել է կիպրոսցի եվրապատգամավոր Լուկաս Ֆուրլասը։
Եվրախորհրդարանը դեռ հուլիսի 8-ին ընդունել էր Կիպրոսի կանանց և աղջիկների վրա 1974 թվականի թուրքական ներխուժման հետևանքների վերաբերյալ բանաձև։ Փաստաթղթին կողմ էր քվեարկել 575 պատգամավոր, դեմ՝ 33-ը, ձեռնպահ՝ 43-ը։
Բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել էր Կիպրոսում Թուրքիայի շարունակվող ռազմական ներկայությունը՝ այն որակելով միջազգային իրավունքի խախտում։ Փաստաթղթում նշվել էին հակամարտության ընթացքում սեռական բռնության, բռնի տեղահանման, ընտանիքների բաժանման և մարդու իրավունքների այլ խախտումների դեպքերը։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր արել Թուրքիային համագործակցել սեռական բռնության, բռնի անհետացումների և միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումների քննության հարցում։
