Ադրբեջանում պահվող հայ գերիները մեկուսացված են արտաքին աշխարհից և պատշաճ բուժօգնություն չեն ստանում, Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ Նրա մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Սահակյանն անդրադարձել է նաև Բաքվում հայերի նկատմամբ ընթացող դատավարություններին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հրապարակված մեղադրական եզրակացությանն ու դատավճռին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ գործերի վիճարկման հեռանկարներին։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ դատավարությունների միջոցով Ադրբեջանը փորձում է քրեաիրավական գնահատական տալ Արցախի պատմությանը, նրա ինստիտուտների գործունեությանն ու ինքնորոշման գործընթացին։
Ադրբեջանում պահվող հայերը պատշաճ բուժօգնություն չեն ստանում
Armenia Today-ի հարցին ի պատասխան Սահակյանը հայտնել է, որ ներկայում հնարավոր չէ անկախ տեղեկություններ ստանալ Ադրբեջանում պահվող հայերի իրական առողջական վիճակի մասին։
Նրա խոսքով՝ նրանք ֆիզիկական շփում չունեն արտաքին աշխարհի հետ․ չեն հանդիպում հարազատների, հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների ու փաստաբանների հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարից հետո նրանք այլևս չեն հանդիպում նաև կազմակերպության ներկայացուցիչների հետ, հավելել է իրավապաշտպանը։
«Նրանք պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում»,- ընդգծել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ չեն ապահովվում նաև փակ հաստատություններում պահվող անձանց մի շարք այլ իրավունքներ, այդ թվում՝ զբոսանքի, նամակագրության, նամակներ ուղարկելու և ստանալու, ինչպես նաև հարազատների ու այլ անձանց հետ կարճատև և երկարատև տեսակցությունների իրավունքները։
Արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունը վերահսկվող հեռախոսազանգերն են, սակայն դրանց հաճախականությունը տարբեր է։
«Կա 3 դատապարտված, որոնք կարողանում են զանգերը կազմակերպել 40 օրը մեկ հաճախականությամբ, իսկ մնացածի համար ապահովված է շաբաթական մեկ զանգի հնարավորություն»,- ասել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ զանգերի տևողությունը ևս տարբեր է․ առանձին դեպքերում դրանք տևում են երկու-երեք րոպե, երբեմն՝ մինչև 10 րոպե։ Բոլոր զանգերը վերահսկվում են և, կախված խոսակցության բովանդակությունից, կարող են հարկադրաբար ընդհատվել։
Որպես օրինակ Սահակյանը նշել է Ռուբեն Վարդանյանի դեպքը։ Նրա խոսքով՝ Վարդանյանի զանգն ընդհատվել էր այն ժամանակ, երբ նա փորձել էր հայտնել, որ իրեն չեն տրամադրել դատավճիռը, և փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ է եղել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին։
Հենց այդ կարճատև զանգերի ընթացքում են հարազատները փորձում տեղեկություններ ստանալ նաև գերիների առողջական վիճակի մասին։
«Վերջին ամիսների ընթացքում ինտենսիվացել է առողջական խնդիրների բարձրաձայնումը, և մշտապես դժգոհություններ կան, որ բուժօգնություն չի կազմակերպվում»,- հայտարարել է իրավապաշտպանը։
Նրա տեղեկություններով՝ օրվա որոշ ժամերից հետո պահման վայրում բուժանձնակազմ չի լինում, և առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում հրատապ օգնություն տրամադրելու հնարավորություններ ևս չկան։ Առանձին դեպքերում, ըստ Սահակյանի, կարող է դեղորայք տրամադրվել ախտանշանները մեղմելու համար, սակայն հիվանդությունների բուժման կամ դրանց վատթարացումը կանխելու պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում։
«Բուժօգնություն և բուժսպասարկում հայերի համար պատշաճ կերպով չի կազմակերպվում»,- շեշտել է նա։
Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայերի առողջական վիճակի վերաբերյալ անկախ գնահատական չկա։ Որոշ բժշկական տվյալներ հայկական կողմը ստանում է ՄԻԵԴ-ի միջոցով։ Վերջին տեղեկությունները, նրա խոսքով, ստացվել էին 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Ադրբեջանը թարմացված տեղեկությունները ՄԻԵԴ-ին պետք է տրամադրեր մինչև օգոստոսի 31-ը։ Սահակյանի խոսքով՝ այժմ սպասում են դատարանի քարտուղարության գրությանը՝ հասկանալու համար, թե ինչ տվյալներ է Բաքուն ներկայացրել։
Բաքուն փորձում է քրեականացնել Արցախի ինքնորոշման գործընթացը
Սահակյանի գնահատմամբ՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ ընթացող դատավարություններն ունեն ընդհանուր տրամաբանություն և ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկելուն, այլև Արցախի ինքնորոշման գործընթացին և նրա կառույցների գործունեությանը քրեաիրավական գնահատական տալուն։
«Ընդհանրությունն այն է, որ իրական, կոնկրետ հանցավոր արարքները բացակայում են։ Այս բոլոր դատավարությունները քաղաքական նպատակներով իրականացվող են, դրանք ցուցադրական են, պատժիչ են»,- հայտարարել է նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ այդ գործերով փաստացի քրեականացվում է Արցախի անկախության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածը և այդ ընթացքում իրականացված տարբեր գործընթացներ։
«Այս դատավարությունների միջոցով Ադրբեջանը ցանկանում է ցմահ ազատազրկել գոյություն ունեցող Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Սահակյանը։
Նրա գնահատմամբ՝ դատավարությունների ընթացքում չեն պահպանվել արդար դատաքննության երաշխիքները, իսկ գործընթացներն ուղեկցվել են հակահայկական արտահայտություններով։
Սահակյանն առանձին անդրադարձել է Վարդանյանի գործով հրապարակված՝ շուրջ 3300 էջ կազմող մեղադրական եզրակացությանն ու դատավճռին։
Նրա խոսքով՝ Վարդանյանին վերագրվել են տասնյակ դրվագներ, այդ թվում՝ իրադարձություններ, որոնց նա որևէ մասնակցություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը որևէ փաստով կամ ապացույցով չի հիմնավորվել։
Որպես օրինակ իրավապաշտպանը նշել է 2021 թվականի նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական սահմանային բախումները։ Նրա խոսքով՝ գործի նյութերում նշվում է հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի վրա հարձակման մասին, իսկ տուժողներից մեկը դատարանում պատմել է այդ իրադարձությունների հետևանքով ստացած վնասվածքների մասին։ Այդ դրվագը, ըստ Սահակյանի, վերագրվել է նաև Վարդանյանին։
Մինչդեռ, հիշեցրել է նա, Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնել է միայն 2022 թվականի նոյեմբերի 4-ին։
«Որևէ մասնակցություն, ներկայություն չի ունեցել, ավելին՝ թե՛ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, թե՛ Արցախի բանակի հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել, որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավված չէր»,- ասել է Սահակյանը։
Չնայած դրան՝ դրվագը, ըստ նրա, համարվել է հաստատված, իսկ որպես ապացույց օգտագործվել են, մասնավորապես, մի տուժողի ցուցմունքները, որը Վարդանյանին երբևէ չի տեսել և նրա կողմից որևէ որոշում կայացնելու մասին տեղեկություն չի ունեցել։
Սահակյանի խոսքով՝ Վարդանյանի բարեգործական գործունեության առանձին դրվագներ ևս ներկայացվել են որպես քրեորեն պատժելի գործունեություն։ Նա նշել է Արցախում դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման ծրագրերը։ Մեկ այլ դրվագ վերաբերում է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքին։ Սահակյանի խոսքով՝ Վարդանյանը ֆինանսավորել էր այն և եղել հարսանիքի կնքահայրը, իսկ այդ հանգամանքները ևս ներառվել են նրան վերագրվող գործունեության մեջ։
Սահակյանի խոսքով՝ Վարդանյանի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը ևս ներկայացվել է որպես հակաիրավական, իսկ դրա շրջանակում դափնեկիրներին մրցանակներ և դրամական միջոցներ տրամադրելը դարձել է մեղադրանքի հիմքերից մեկը։
Նա որպես օրինակ նշել է «Ավրորայի» իրաքցի դափնեկիրներից մեկին տրամադրված ֆինանսավորումը, որը, ըստ Սահակյանի, ադրբեջանական կողմը որակել է որպես իրաքցի քուրդ վարձկանների ֆինանսավորում։
«Ինքնին նախաձեռնության գոյությունը, նախաձեռնության շրջանակում հաղթող ճանաչվածներին մրցանակներ տալը, այսինքն՝ դափնեկիր լինելը և նախատեսված գումարը ստանալը հավասարեցվել է վարձկանության ֆինանսավորման հետ»,- հայտարարել է Սահակյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ մեղադրանքի առանցքային խնդիրներից մեկն այն է, որ Արցախն իր բոլոր կառույցներով ներկայացվել է որպես «ապօրինի զինված խմբավորում, իսկ դրա հետ որևէ առնչություն՝ որպես այդ խմբավորմանը մասնակցություն»։
Նրա խոսքով՝ այդ տրամաբանությամբ Վարդանյանին վերագրվել են նաև Արցախյան հակամարտության տարբեր ժամանակահատվածներում արձանագրված մարդկային կորուստները՝ այն հիմքով, որ 2022 թվականին նա պաշտոն է զբաղեցրել Արցախում։
Սահակյանը նշել է նաև, որ Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնը ստանձնելը ներկայացվել է որպես իշխանության բռնազավթում և Ադրբեջանի Սահմանադրության խախտում։ Ըստ այդ մոտեցման՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը Վարդանյանը, զբաղեցնելով պաշտոն Արցախում, իբր իշխանություն է իրականացրել Ադրբեջանի տարածքում։
Ի՞նչ կարելի է ակնկալել ՄԻԵԴ-ից
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման հարցը նախևառաջ քաղաքական լուծում է պահանջում, քանի որ նրանց գերեվարումն ու անազատության մեջ պահելը կապված են հակամարտության հետ։
Միևնույն ժամանակ, ընդգծել է նա, միջազգային մարդասիրական իրավունքը հստակ սահմաններ է սահմանում, թե երբ և որքան ժամանակ կարող է անձին գերության կամ անազատության մեջ պահելը օրինական համարվել։
Սահակյանի գնահատմամբ՝ գերիների հարցն Ադրբեջանն օգտագործում է «պատանդային դիվանագիտության» նպատակով և որպես լծակ հակամարտության կարգավորման գործընթացում։
Նա հիշեցրել է, որ շուրջ 210 հայ հայրենադարձվել է, սակայն Ադրբեջանում շարունակում են պահվել Արցախի նախկին ղեկավարները և այլ անձինք, որոնց նշանակությունը, նրա գնահատմամբ, «պատանդային դիվանագիտության» տեսանկյունից այլ է։ Սահակյանի խոսքով՝ քանի դեռ քաղաքական ճանապարհով հնարավոր չէ հասնել նրանց ազատ արձակմանը, անհրաժեշտ է օգտագործել նաև միջազգային իրավական մեխանիզմները։
Դրանցից մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որտեղ, ըստ իրավապաշտպանի, պետք է անկախ գնահատական տրվի նաև այն փաստերին և պատմաիրավական իրողություններին, որոնք ադրբեջանական դատարանները դրել են մեղադրանքների հիմքում։
«Փաստերը պետք է վերստուգվեն միջազգային ատյաններում, պատմական իրադարձությունները պետք է օբյեկտիվ արտացոլում ունենան, և, իհարկե, դատարանը պետք է այդ զարգացումներին նայի մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասել է նա։
Սահակյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ում դատական գործընթացների վիճարկման նպատակն արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալն ու իրավական պարտադրանքի միջոցով Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակմանը հասնելն է։
«Մենք շատ ուրախ կլինենք, որ հենց վաղը քաղաքական ճանապարհով արդյունքները տեսանելի, շոշափելի լինեն, բայց քանի դեռ դա չկա, համակարգը պետք է լրացվի նաև իրավական ճնշման հնարավորություններով, ինչպիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է»,- հայտարարել է նա։
Իրավապաշտպանը պարզաբանել է, որ Եվրոպական դատարանը կարող է գնահատել ոչ միայն դատավարությունների համապատասխանությունն արդար դատաքննության իրավունքի չափանիշներին։ Նրա խոսքով՝ հայկական գործերում բարձրացվում է նաև այն հարցը, թե խախտումների ամբողջությունը չի՞ հանգեցրել արդարադատության փաստացի մերժման։
Բացի այդ, ՄԻԵԴ-ում բարձրացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի՝ «չկա պատիժ առանց օրենքի» սկզբունքի խախտման հարցը։ Սահակյանի պարզաբանմամբ՝ անձը պետք է կարողանա նախապես կանխատեսել, որ իր կատարած կոնկրետ գործողությունն օրենքով քրեորեն պատժելի է։
Այս համատեքստում նա կրկին օրինակ է բերել Վարդանյանի բարեգործական գործունեությունը։
Սահակյանի խոսքով՝ ո՛չ միջազգային իրավունքում, ո՛չ անգամ Ադրբեջանի ներպետական օրենսդրությունում չկա այնպիսի նորմ, որից անձը կարող էր կանխատեսել, որ մեծ հարսանիքի կնքահայր լինելը և նորաստեղծ ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը հետագայում կարող են քրեական պատասխանատվության հիմք դառնալ, նույնիսկ եթե այդ ընտանիքներն ապրել են անկախություն հռչակած, սակայն միջազգային ճանաչում չունեցող տարածքում։
Նույն խնդիրը, ըստ նրա, վերաբերում է նաև որևէ կազմակերպության հետ առնչությանը։ Եթե կազմակերպությունը տվյալ պահին ահաբեկչական չի ճանաչվել, անձը չի կարող կանխատեսել, որ հետագայում այդ կազմակերպության հետ կապը կարող է հիմք դառնալ ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանքի համար։
Սահակյանը զուգահեռ է անցկացրել Թուրքիայի դեմ ՄԻԵԴ-ում քննված գործերի հետ, որոնցում քրդական կազմակերպությունների հետ առնչությունը հետագայում որակվել էր որպես ահաբեկչական գործունեության մասնակցություն։ Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը նման դեպքերում գնահատել է՝ արդյոք անձը կարող էր նախապես կանխատեսել, որ իր գործողությունը քրեորեն պատժելի է լինելու։
«Եվրոպական դատարանը նաև անդրադառնալու է այն հարցին, թե վերագրվող արարքները կանխատեսելի կերպով կարո՞ղ էին ընկալվել որպես քրեորեն պատժելի արարքներ, և դրանց համար պատիժ նշանակելը համապատասխանո՞ւմ է օրինականության սկզբունքին»,- ասել է Սահակյանը։
Այսպիսով, ըստ իրավապաշտպանի, ՄԻԵԴ-ից ակնկալվում է գնահատական ոչ միայն Բաքվում ընթացած դատավարությունների արդարության, այլև այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հայերին վերագրված գործողությունների համար ընդհանրապես գոյություն է ունեցել հստակ և կանխատեսելի իրավական հիմք։
Սահակյանը վերջում հիշեցրել է նաև նախկինում հրապարակված զեկույցների մասին, որոնցում արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի տարբեր դրվագներ։ Նրա խոսքով՝ որոշ գերիների մարմնի վրայից խաչի դաջվածքներն այրելով ջնջել են։ Նա նաև հայտնել է, որ հայ գերիներին Աստվածաշունչ չեն տրամադրել և հարկադրել են Ղուրան ընթերցել։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքական ղեկավարության անդամները, որոնք դատապարտվել են 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։
Կարդացեք նաև՝
ԱԳՆ ներկայացուցիչների հետ գերիների հարցով հանդիպում է կայացել․ Սահակյան
