Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք

Գլխավոր դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջել է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 20 գույք և ընդհանուր մոտ 229 մլն դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դավթյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման պահանջով Գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք, 8 տրանսպորտային միջոց, 10 իրավաբանական անձանցում մասնակցություն, 105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Leave a Comment