ՔՊ-ն Աբովյանի ընտրություններում կարող է առաջադրել ԲՀԿ-ական գործող համայնքապետին․ ԶԼՄ

Աբովյան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է առաջադրել գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի թեկնածությունը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։

Ըստ թերթի՝ կուսակցության տարածքային կառույցներին հանձնարարվել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար յուրաքանչյուր համայնքից 2-ական թեկնածու ներկայացնել։ Սակայն Աբովյանի վերաբերյալ քննարկումների ընթացքում կուսակցությունում եկել են այն եզրահանգման, որ Բաբայանն ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ աջակցություն ունի, ուստի նրան կարելի է դիտարկել որպես ՔՊ թեկնածու։

Բաբայանը համայնքի ղեկավար է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն Աբովյանի ավագանիում ստացել էր 13 մանդատ, իսկ Բաբայանը համայնքի ղեկավար էր ընտրվել 14 ձայնով։

ԿԸՀ-ի ժամանակացույցի համաձայն՝ 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկություններն անցկացվում են երեք փուլով՝ սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին։ Աբովյանի ավագանու ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։

Leave a Comment