14-ամյա աղջիկը դանակով սպառնացել է ատամնաբույժին


Գերմանիայի Բավարիա երկրամասում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել ատամնաբուժական կլինիկաներից մեկում։ 14-ամյա աղջիկը, ըստ Bild-ի, դանակով սպառնացել է օրթոդոնտիստին՝ պահանջելով անմիջապես հանել իր բրեկետները։

Դեռահասը այցելել է կլինիկա և բժշկին հայտնել, որ ցանկանում է ազատվել բրեկետներից, քանի որ կարծում է՝ դրանք արդեն չափազանց երկար է կրում։ Մասնագետը, սակայն, հրաժարվել է կատարել նրա պահանջը։

Դրանից հետո աղջիկը, ըստ նախնական տեղեկությունների, դանակ է հանել և սպառնացել բժշկին։ Կարճ ժամանակ անց նա լքել է կլինիկան։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել։

Past.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները ներկայում որոնում են դեռահասին։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, և իրավապահները փորձում են պարզել միջադեպի ամբողջական հանգամանքները։

Leave a Comment