ԵՄ դրամաշնորհով շուրջ 150 թուրք գործարար է ժամանել Հայաստան. ԶԼՄ – armeniatoday.am

Հայաստանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվող հայ-թուրքական գործարար համաժողովին մասնակցելու համար շուրջ 150 թուրք գործարար է ժամանել Հայաստան, որոնց այցի ծախսերը հոգացել են Եվրամիության տրամադրած դրամաշնորհի միջոցներից, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով համաժողովն անցկացվում է Երևանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում։ Հայկական կողմից միջոցառումը կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ-ից ստացած դրամաշնորհի շրջանակում։

Թերթը նշել է, որ Հայաստան ժամանած գործարարները ներկայացնում են Թուրքիայի արևելյան և արևմտյան շրջանները, ինչպես նաև արդյունաբերության, տեքստիլի և այլ ոլորտներ։ Պարբերականը մասնակից ընկերությունների անուններ չի հրապարակել։

Համաժողովի հրավերն ուղարկվել է հայաստանյան գործարարներին․ մասնակցությունը հաստատել էր 140 մարդ, սակայն միջոցառմանը ներկա էր շուրջ 120 հայ գործարար։

Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը և չի որոշել նրանց թիվը։ Թուրք մասնակիցների սննդի, Երևանի կենտրոնում հյուրանոցային կեցության, տեսարժան վայրեր այցելելու և այլ ծախսերը հոգացել են դրամաշնորհի միջոցներից։ Միաժամանակ Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի և այլ ծախսեր չեն նախատեսվել, գրել է թերթը։

Միջոցառմանը մասնակցել և այն բացել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ ԵՄ պատվիրակության հաղորդմամբ՝ երկօրյա համաժողովին Հայաստանից և Թուրքիայից մասնակցում է շուրջ 200 գործարար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, սննդի արտադրության և տրանսպորտի ոլորտներից։

Մարագոսը համաժողովը գնահատել է որպես հարևան երկու երկրների գործարար համայնքների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու կարևոր քայլ։ Նա ընդգծել է ԵՄ աջակցությունը Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը՝ նշելով, որ նման միջոցառումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների գործարարների համար։

Համաժողովն անցկացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի պաշտոնական տվյալներով՝ այն իրականացվում է 2026 թվականի ապրիլից մինչև 2027 թվականի սեպտեմբերը և նպատակ ունի տնտեսական ու մասնագիտական համագործակցության միջոցով ամրապնդել երկու երկրների միջև կապերը։

Ծրագրի կոնսորցիումում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը։

Տարածաշրջանային գործարար համագործակցության թեմային սեպտեմբերի 3-ին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով ադրբեջանցի գործարարների հետ հնարավոր համագործակցության մասին՝ նա հայտարարել է, որ Երևանի խնդիրն է ստեղծել անհրաժեշտ քաղաքական պայմաններ, որպեսզի երկու երկրների գործարար համայնքները կարողանան աշխատել միմյանց հետ և բացահայտել փոխադարձ հետաքրքրության ուղղությունները։ Նրա խոսքով՝ համագործակցության առաջին գործնական արդյունքներն արդեն կան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 3-4-ը Երևանում նախատեսված համաժողովը միավորելու է Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում նախատեսվել էին տնտեսական համագործակցության, տրանսպորտային հաղորդակցությունների և միջսահմանային կապերի վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտների գործարարների երկկողմ հանդիպումներ։ Նախորդ համաժողովը հունիսի 2-ին անցկացվել էր Կարսում։

Leave a Comment