Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը վարույթ չի ընդունել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործով, Armenia Tadoy-ը տեղեկացել է դատարանից։
Դատարանից հավելել են, որ Մելիքյանը անհամաձայնություն է հայտնել տվյալ գործը քննելու վերաբերյալ և սեպտեմբերի 3-ին այն ուղարկել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար (այսինքն՝ որոշելու, թե որ դատարանը պետք է քննի գործը-խմբ․)։
Դատարանից պարզաբանել են, որ հարցը կարգավորվում է Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նշենք, որ ըստ այդ դրույթի՝ եթե գործը ստացած դատարանը գտնում է, որ այն չպետք է քննվի իր կողմից, կարող է վիճարկել գործի ընդդատությունը։ Այդ դեպքում վերջնական որոշումը հինգ օրվա ընթացքում կայացնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը՝ որոշելով, թե որ դատարանը պետք է քննի գործը։
Դատարանից հստակեցրել են՝ Վճռաբեկ դատարանը կա՛մ պետք է գործը հետ ուղարկի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, կա՛մ որոշի, որ, ամեն դեպքում, գործը քննվելու է Երևանում։
Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Գործով առաջին դատավորն ինքնաբացարկ էր հայտնել, երկրորդը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը, կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի և վեց հոգևորականի գործի տարածքային ընդդատությունը և գործն ուղարկել էր Երևանի քրեական դատարան։
