ԶԼՄ-ն հայտնել է ՀՀ-ում ռուսական ազդեցությունը նվազեցնելու՝ Արևմուտքի պահանջների մասին

Արևմտյան երկրները Հայաստանի իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել, որոնք ուղղված են երկրում ռուսական ազդեցության նվազեցմանը, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ պահանջներից մեկը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելն է։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ դա դիտարկվում է որպես նախապայման, որից հետո Եվրամիությունը մի քանի տարվա ընթացքում կարող է Հայաստանի համար ազատականացնել վիզային ռեժիմը։

Մյուս պահանջը, ըստ թերթի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին առանցքային պաշտոններից մեկում նշանակելն է։

Բացի այդ, պարբերականի տեղեկություններով՝ առաջարկվել է արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչների ներգրավել Պաշտպանության նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության համակարգում։ Թերթի աղբյուրները դա ևս կապել են այդ կառույցներում ռուսական ազդեցությունը նվազեցնելու նպատակի հետ։

Սեպտեմբբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում անցկացրել էին իրենց առաջին բանակցությունները ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո։ Առաջնորդները տարաձայնություններ էին հայտնել Հայաստանի եվրաինտեգրման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Երևանի անդամակցության վերաբերյալ։ Բանակցություններից հետո Փաշինյանը հանդիպումը որակել էր «շատ լավ» և ասել, որ կողմերը համաձայնել են շարունակել անկեղծ և կառուցողական երկխոսությունը Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում։

Leave a Comment