Տավուշի ջրամատակարարումից մինչև ինքնաբավ համայնքներ․ «Հրայր Հովնանյան» հիմնադրամի՝ Հայաստանի զարգացման երկարաժամկետ բանաձևը․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի ներդրումը հաճախ ընկալվում է որպես մարդասիրական օգնություն, սակայն «Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը տասնամյակներ շարունակ ապացուցում է, որ հաջողության գրավականը համակարգային ռազմավարությունն է։ Դեռևս 1986 թվականին Սփյուռքում հիմնադրված այս կառույցը Հայաստանի անկախացումից հետո իր առաքելությունը տեսնում է հայրենիքում կայուն ենթակառուցվածքներ ստեղծելու մեջ։ Ինչպես նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը․ «Մեր նպատակն է ստեղծել ինքնաբավ համակարգ, որն արդեն կարիք չի ունենա ո՛չ մասնավոր հիմնադրամների, ո՛չ պետության աջակցության»։

Տավուշի ջրի ծրագիրը. պետության հետ սերտ համագործակցության հաջողված փորձ

Այսօր հիմնադրամի ամենաառանցքային նախաձեռնությունը Տավուշի մարզի ավելի քան 23 սահմանամերձ բնակավայրերի ջրամատակարարման հարցի լուծումն է։ Սա ուղղակի խողովակաշարերի կառուցում չէ, այլ սահմանապահ գյուղացուն իր հողին կապող ամենակարևոր օղակը։ Կորյուն Խաչատրյանն ընդգծում է, որ այս հսկայածավալ աշխատանքն իրականացվում է պետության հետ սերտ համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Մեխանիզմը հստակ է և արդյունավետ. պետությունը ֆինանսավորում է ծախսերի 70-75%-ը, իսկ հիմնադրամն իր վրա է վերցնում համայնքային մասնաբաժնի (25-30%) վճարումը։ Բացի այդ, հիմնադրամն ամբողջությամբ հոգում է նախագծման բարդ ու ծախսատար փուլը՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան որակ։

Ծրագրի ռազմավարական կարևորության մասին Կորյուն Խաչատրյանն ասում է․ «Մենք ջրին գումար չտալուց, 24 ժամ ջուր չունենալուց և ոչ անպայման բարձր որակի ջուր ունենալուց անցնում ենք արդեն հուսալի, վճարովի և մաքուր խմելու ջրին՝ շուրջօրյա։ Սա համակարգային, արմատական փոփոխություն է»։

Արդյունքներն արդեն խոսուն են. այնտեղ, որտեղ լուծվել է ջրի հարցը, օրինակ՝ Սարիգյուղում, սկսվել է բնակարանաշինության աննախադեպ եռուզեռ։ «Մարդիկ այլևս այլընտրանք չեն փնտրում, արդեն ենթակառուցվածքը կա ու ամենից կարևորը՝ ջուրը կա»,— փաստում է նա։

Բացի Տավուշի մարզում իրականացվող լայնածավալ աշխատանքներից, հիմնադրամը բացառության կարգով անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Շվանիձոր սահմանամերձ գյուղին։ Այստեղ խմելու ջրի լրջագույն խնդիրը բացահայտվել էր «Հայաստան» նախագծի շրջանակներում՝ օտարերկրյա լրագրողների այցի և նրանց հրապարակած հոդվածների շնորհիվ։ Հիմնադրամը ստանձնել է Շվանիձորի ջրամատակարարման համակարգի ամբողջական նախագծման ծախսերը, որից հետո համայնքը, ունենալով պատրաստի նախագիծը, կարողացել է շինարարության համար ներգրավել այլ գործընկերների, այդ թվում՝ Ավստրիայի զարգացման գործակալությանը։ Այս պահին նախագիծն արդեն պատրաստ է և փորձաքննություն անցնելուց հետո կմտնի շինարարական փուլ՝ վերջնականապես լուծելով գյուղի խմելու ջրի բազմամյա խնդիրը։

«Հայաստան» նախագիծ. ճեղքելով տեղեկատվական շրջափակումը

Հիմնադրամի հեռահար ծրագրերից է «Հայաստան» (The Armenia Project) մեդիանախաձեռնությունը։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ աշխարհը քիչ գիտի մեր մասին, և հիմնադրամը որոշեց փոխել իրավիճակը։ Ծրագրի շրջանակներում Հայաստան են հրավիրվում օտարերկրյա լրագրողներ և լրագրության ֆակուլտետի ուսանողներ՝ Արևմուտքից։ «Մենք զգացինք մեր ընկերների քիչ լինելը, մեր ցանցի աղքատությունը… և հիմա փորձում ենք կաթիլ-կաթիլ այդ ցանցը ստեղծել»,- բացատրում է Կորյուն Խաչատրյանը։ Այս երիտասարդները տեղում ծանոթանում են իրականությանը, հոդվածներ գրում և դառնում Հայաստանի բարեկամները միջազգային հարթակներում։

Մշակույթը՝ որպես ինքնաբավ ոլորտ

Հիմնադրամն անդրադառնում է նաև մշակութային կառույցներին, բայց կրկին ռազմավարական տեսանկյունից։ Նախատեսվում է նոր ծրագիր, որը թանգարաններին և պատկերասրահներին կսովորեցնի ֆոնդհայթայթման (fundraising) հմտություններ։ Նպատակն է, որ մշակութային օջախները կարողանան ինքնուրույն միջոցներ ներգրավել և զարգանալ՝ չսահմանափակվելով միայն պետական բյուջեով։ Բացի այդ, հիմնադրամը շարունակում է իրականացնել կրթաթոշակային ծրագրեր և անհատական դրամաշնորհներ՝ միշտ առաջնորդվելով «որտե՞ղ է բացը և ինչպե՞ս այն լրացնել» սկզբունքով։

«Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործունեությունը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես Սփյուռքի նվիրումը, զուգակցվելով պետական գործիքակազմի հետ, կարող է վերածվել պրոֆեսիոնալ կառավարման և կայուն զարգացման։ Ինչպես նշում է Կորյուն Խաչատրյանը․ «Մեր ծրագրերը շատ մարդու վրա կենտրոնացած են և երկկողմանի են աշխատում… մենք փորձում ենք վերաիմաստավորել մեր դերը՝ հանուն Հայաստանի հզորացման»։

Leave a Comment