Հայ-ադրբեջանական առևտրի առաջին քայլը. ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը

Հայ-ադրբեջանական առևտրի առաջին քայլը. ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ օրերս ունեցած հանդիպմանը, խոսել էր նաև երկու երկրների առևտրատնտեսական կապերի հաստատման մասին։ Ավելին՝ Հայաստանն այս ընթացքում ապրանք է արտահանել Ադրբեջան։

Ավելի վաղ Իլհամ Ալիևն էր ասել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ համատեղ աշխատում է փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի պնդամամբ՝ Հայաստանում կա առնվազն 10 ոլորտ, որոնց արտադրանքը կարելի է արտահանել դեպի Ադրբեջան։ Նրա խոսքով՝ ուսումնասիրելով Ադրբեջանի արտաքին առևտուրը՝ կարող ենք հստակ ասել, թե հայ-ադրբեջանական առևտուրը որ ոլորտների հաշվին կարող է զարգանալ․

«Ադրբեջանը բավականաչափ ներմուծում է խմիչք, ծխախոտ, հատկապես շատ՝ ցեմենտ, և, բացի դրանցից, որոնք, սկզբունքորեն, ամենաառաջին ապրանքները կարող են լինել, որ Հայաստանը կարտահանի, դրանք կարող են լինել, ասենք, հայկական լավ գինիներ կամ ալկոհոլային խմիչքներ, որոնք նաև տուրիստները Ադրբեջանում կարող են օգտագործել»,- ասաց նա։

Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է դեպի Ադրբեջան արտահանել ցեմենտ, քանի որ այժմ ունի լավ արտադրություն։ Նա նշեց, որ, բացի Արարատի ցեմենտի գործարանից, կարող է գործարկվել Հրազդանինը։ Ըստ նրա՝ Հայաստանից դեպի Ադրբեջան ծխախոտի արտահանում ևս հնարավոր է իրականացնել, քանի որ այլ երկրներ ևս Երևանը ծխախոտ է մատակարարում․

«Հայկական ծխախոտը լավ որակ ունի և լավ է ընդունվում։ Բացի դրանից, Հայաստանը կարող է նաև Ադրբեջան մատակարարել էլեկտրատեխնիկական սարքավորումներ, էլեկտրոնիկա, տարբեր շինանյութեր, քսուքներ, ներկեր, էլեկտրալարեր»,- հավելեց Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետի համոզմամբ՝ արտահանման համար թե՛ սննդի, թե՛ հագուստի ոլորտները ևս չեն զիջում։ Ըստ Մակարյանի՝ Ադրբեջանում տեղեկատվական տեխնոլոգիաներն այդքան էլ զարգացած չեն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ նկատվում է բավականին լավ առաջխաղացում հատկապես արհեստական բանականության ոլորտում։

Հարցին՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ առևտուրը մեծանա, ի՞նչ տնտեսական օգուտներ կարող է ստանալ Հայաստանը, Գագիկ Մակարյանն ասաց․

«Ցանկացած արտաքին առևտուր ունի իր դրական կողմերը․ առաջինը՝ որ վաճառում ես, բերում արտարժույթ։ Կամ Հայաստանը կարող է Ադրբեջանին տալ ապրանքներ՝ բարտերային տարբերակով դիմացը բերելով այլ ապրանք, որոնք Ադրբեջանն է արտադրում, օրինակ՝ նավթամթերք կամ քիմիական նյութեր»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment