Իրանը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին թույլ չի տա մուտք գործել վերջին հարվածներից վնասված կամ ռմբակոծված միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը թույլատրվելու է միայն Բուշերի ատոմակայան և Թեհրանի հետազոտական ռեակտոր։ Մյուս օբյեկտներ մուտք հնարավոր կլինի միայն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվությամբ։
Միաժամանակ Իրանի փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ Դոհայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սառեցված իրանական ակտիվներից նախնական 6 մլրդ դոլարի մի մասն օգտագործել Իրանի համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական սառեցված միջոցները կարող են օգտագործվել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք՝ այդ թվում ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելու համար։
Իրանական կողմը միաժամանակ հայտարարել է, որ Դոհայի քննարկումները չի դիտարկում որպես Վաշինգտոնի հետ առանձին պաշտոնական համաձայնագիր։