Թրամփը Եվրոպայից կպահանջի Ուկրաինային տրված օգնության գումարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է եվրոպական երկրներից պահանջել փոխհատուցել այն ռազմական օգնության և զինամթերքի արժեքը, որոնք նախկինում ԱՄՆ-ն անվճար տրամադրել է Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Truth Social-ում կատարած գրառման մեջ Թրամփը նաև անդրադարձել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին ամերիկյան զինամթերքի պաշարների նվազման մասին տեղեկություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն մեծացնում է արտադրությունն ու համալրում սեփական պաշարները։

Նրա խոսքով՝ ներկայում արտադրվող զինամթերքի մի մասը պահվում է ԱՄՆ-ի կարիքների համար՝ այլ երկրներին վաճառելու փոխարեն։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ դաշնակիցներին վաճառքները շուտով կվերսկսվեն։

ԱՄՆ նախագահը պնդել է, որ Ուկրաինային և ՆԱՏՕ-ին «հարյուրավոր միլիարդավոր դոլարներ» են տրամադրվել անվճար, մինչդեռ այդ ծախսերը, ըստ նրա, կարող էր հոգալ Եվրոպան։

«Մենք այդ գումարը կպահանջենք, թեկուզ որոշակի ուշացումով»,— հայտարարել է Թրամփը՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմին։

Reuters-ը հիշեցնում է, որ դեռ նախորդ տարի ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գործարկել էին Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի՝ PURL-ի նախաձեռնությունը, որի շրջանակում եվրոպական երկրները վճարում են Ուկրաինային ամերիկյան սպառազինություն մատակարարելու համար։

Leave a Comment