Երևանում կանցկացվի TOUR EXPO 2026 զբոսաշրջային ցուցահանդեսը – armeniatoday.am

Սեպտեմբերի 5-6-ը Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր նախասրահում կանցկացվի TOUR EXPO 2026 միջազգային զբոսաշրջության, ճանապարհորդության և հյուրընկալության ցուցահանդեսը, տեղեկանում ենք Երևանի զբոսաշրջության պաշտոնական կայքից։

Ցուցահանդեսը մեկ հարթակում կհամախմբի տարբեր երկրների զբոսաշրջային կազմակերպությունների, ազգային տաղավարների, տուրօպերատորների, ավիաընկերությունների, հյուրանոցների, առողջարանների և ոլորտի այլ ընկերությունների ներկայացուցիչներին։

Այցելուները կկարողանան ծանոթանալ նոր զբոսաշրջային ուղղություններին, տարբեր երկրների մշակույթին և ճանապարհորդական առաջարկներին, ինչպես նաև մասնակցել մշակութային ներկայացումների, համտեսների ու ինտերակտիվ ծրագրերի։

Միջոցառումը երկու օրերին կգործի ժամը 11։00-20։00-ն, մուտքն անվճար է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստան է այցելել 1 մլն 240 հազար զբոսաշրջիկ՝ 7%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ Այցելությունների 40%-ը գրանցվել է Ռուսաստանից, 15%-ը՝ Վրաստանից, 8%-ը՝ Իրանից։ Միայն հուլիսին Հայաստան է այցելել 198 709 զբոսաշրջիկ։

Leave a Comment