Փաշինյանը «սիմուլյանտ» է անվանել պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սիմուլյանտ» է անվանել երկու ամսով կալանավորված Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որին սեպտեմբերի 2-ին պատգարակով տեղափոխել էին դատարան։ Նա աջակցություն է հայտնել իրավապահների գործողություններին։

Ճեպազրույցի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ հրապարակված կադրերը ոչ թե «խայտառակ» է համարում, այլ «հույս, որ Հայաստանում ի վերջո արդարություն կհաստատվի»։

«Այդ տեսարանները, որոնք դուք անվանում եք խայտառակ, ես համարում եմ, ի վերջո, հույս, որ Հայաստանում կհաստատվի արդարություն։ Ես, ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին՝ սկսած այդ պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեն»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ, իր կարծիքով, իրավապահ համակարգը նման գործողություն իրականացնելու պատճառ չէր ունենա, եթե դրա հիմնավորվածությունն ակնհայտ չլիներ։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Խաչատրյանը չի կարող պատասխանատվությունից խուսափել՝ «պատգարակի տակ թաքնվելով»։

«Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել։ Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն՝ հատ-հատ պետք է կրեն իրենց պատասխանատվությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Խաչատրյանի մասնակցությամբ կադրերը պետք է ազդակ լինեն «ներկա և նախկին բոլոր կոռուպցիոներների» համար, որ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի։

«Թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, որ, ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա»,- հայտարարել է նա։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ այն մարդիկ, որոնք, իր պնդմամբ, Հայաստանի Հանրապետությունից միջոցներ են գողացել, պետք է զրկվեն իրենց ունեցվածքից։

«Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառի բուն իմաստով»,- ասել է վարչապետը։

Նա նաև արձագանքել է լրագրողի պնդմանը, թե ենթադրյալ ապօրինի գույքի վերադարձի գործընթացները հիմնականում վերաբերում են իշխանությունների քաղաքական հակառակորդներին։ Անդրադառնալով այն գործարարներին, որոնց գործարանների բացմանը մասնակցել է՝ Փաշինյանը հայտարարել է, որ իր մասնակցությունը նման միջոցառումներին «ոչ մի բան չի նշանակում»։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման հոդվածներով, անցնում նաև ապօրինի գույքի գործով։

Կալանավորելու միջնորդության քննությանն Ազգային անվտանգության աշխատակիցները Խաչատրյանին անկողնուց դատական նիստի էին տարել պատգարակով, ինչը տեսանկարահանել էին նրա փաստաբանները։ Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը հաշմանդամություն ունի և նրան դատարան են տեղափոխել բժշկական պահանջների խախտմամբ։ Պաշտպանությունը նաև պնդում է, որ Խաչատրյանին անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում։

Գլխավոր դատախազությունն այլ տվյալներ է ներկայացրել։ Գերատեսչության հաղորդմամբ՝ փորձաքննությունների արդյունքներով՝ Խաչատրյանի մոտ չկան առողջական խնդիրներ, որոնք կխոչընդոտեն նրա մասնակցությանը դատավարական գործողություններին, իսկ անհրաժեշտության դեպքում վիրահատությունը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ 

Leave a Comment