Ինչպե՞ս նորածիններին առցանց գրանցել պոլիկլինիկաներում – armeniatoday.am

Հայաստանում ներդրվել է առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում, նորածին երեխաներին առցանց գրանցելու հնարավորություն, հայտարարել է Առողջապհության նախարարությունը։

Ծառայությունը հասանելի է ՀՀ քաղաքացիների համար՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում։ Առցանց գրանցումն իրականացվում է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

Ծնողը «ԵսԵմ» համակարգով անցնում է նույնականացում։ Համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ընտրել երեխայի հաշվառման հասցեի տարածքում գտնվող բժշկական հաստատությունը և ընտանեկան բժշկին։ Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։

Մինչ բժշկական հաստատությունում գրանցելը, նորածնի ծնունդը պետք է արդեն գրանցված լինի։ Մայրը կարող է առցանց գրանցել երեխային՝ անկախ ամուսնության գրանցված լինելու փաստից։ Հայրը կարող է առցանց գրանցումն իրականացնել միայն երեխայի մոր հետ գրանցված ամուսնության առկայության դեպքում։

Առցանց ծառայությունը գործում է միայն այն դեպքում, երբ նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնում են։ Եթե դրանք տարբեր են, անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել փաստացի բնակության հասցեի (մարզի) տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։

Գրանցումն ավարտելուց հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը կապ է հաստատում ծնողի հետ՝ նորածնին տնայց կատարելու և առաջնային զննումն իրականացնելու նպատակով։

Leave a Comment