ՀՀ-ում կխստացնեն ընտանեկան բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվող միջոցները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքելու մեխանիզմները խստացնող օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Այն նախատեսում է վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոց, պարտադիր ռեաբիլիտացիա սահմանել բռնություն գործադրած անձանց համար և ընդլայնել անհետաձգելի միջամտության կիրառման հիմքերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Կառավարությունն առաջարկել է բռնություն գործադրած անձին վերցնել ոստիկանության կանխարգելիչ հաշվառման այն դեպքերում, երբ բռնության փաստն արձանագրվել է, սակայն դրա կրկնման անմիջական վտանգ չկա։

Անհետաձգելի միջամտության միջոց առաջարկվում է կիրառել նաև այն դեպքում, երբ անձը վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ բռնություն է գործադրել՝ նույնիսկ կրկնման կամ շարունակման անմիջական վտանգի բացակայության դեպքում։

Մեկ այլ առաջարկով՝ ընտանեկան բռնության համար ազատության սահմանափակման դատապարտված անձին դատարանը կարող է արգելել հաղորդակցվել տուժողի հետ։

Փաթեթով նախատեսվում է նաև ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգերին արձագանքելիս ոստիկանների համար պարտադիր դարձնել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող միջոցների օգտագործումը, ինչպես նաև գործարկել միասնական, անվճար և համապետական «Թեժ գիծ»։

Պարտադիր ռեաբիլիտացիա

Ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ փոփոխությունների հիմնական նպատակներն են բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու կրկնվող դեպքերի կանխարգելումը։

Ըստ նախարարի՝ պետությունը պետք է ոչ միայն պատժի բռնություն գործադրած անձին, այլև աշխատի նրա վարքագծի փոփոխության ուղղությամբ։ Այդ նպատակով առաջարկվում է պատժին զուգահեռ պարտադիր դարձնել ռեաբիլիտացիոն ծրագիրը։

«Կառավարության կողմից մի քանի փոքր դիտարկումներ կան, որոնք առավելապես միտված են փաթեթը լավարկելուն, և քանի որ որոշակի գնման պրոցեսներ ենթադրող հատվածներ կան, հետո նախագծի հեղինակների հետ արդեն Ազգային ժողովի փուլում կքննարկենք փաթեթի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված ողջամիտ ժամկետներ սահմանելու հնարավորությունը»,- մանրամասնել է Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարիներ առաջ ընտանեկան բռնության կանխարգելման ինստիտուտը Հայաստանում ներդրվել է առավելապես միջազգային գործընկերների պահանջով և, նրա գնահատմամբ, խնդրին բավարար լրջությամբ չեն անդրադարձել։

«Մենք դա արել ենք միջազգային կազմակերպությունների կամ միջազգային գործընկերների համար, և այս թեմային մեծ հաշվով երբեք չենք անդրադարձել ինքներս մեզ համար։ Երբեք մենք խնդրի հետ բավարար լրջությամբ չենք առերեսվել»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ համակարգում առաջացել են «ճեղքեր», այդ թվում՝ կողմերին հաշտեցնելու պրակտիկան, որը հաճախ բռնության ենթարկվածին վերադարձնում է նույն անպաշտպան վիճակին։

«Այս նախաձեռնության ամենակարևոր նպատակն այն է, որ բարձրաձայն հայտարարվի՝ մի՛ արեք, որովհետև եթե անեք, լինելու է կոշտ արձագանք։ Մենք փորձում ենք այդ ճեղքերը փակել»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ հարցը պահանջում է նաև կրթական ու սոցիալ-հոգեբանական լուծումներ։

Տարեկան բռնության ավելի քան 2000 դեպք՝ ՀՀ-ում

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան արձանագրվում է բռնության ավելի քան 2000 դեպք։

«Մենք արդեն այս տարի սկսել ենք բռնարարների ռեաբիլիտացիայի ծրագիրը՝ որպես փորձնական ծրագիր։ Սա շատ կարևոր է հետագայում այդ կրկնությունները թույլ չտալու համար»,- ասել է նա։

Թորոսյանը նաև կարևորել է բռնության ենթարկված անձանց մեկուսացումը բռնություն գործադրած անձանցից, գաղտնի հասցեներով ապաստարանների ցանցի ընդլայնումը և բուժաշխատողների ու պաշտոնատար անձանց կողմից դեպքերի մասին պրոակտիվ հաղորդումը։

Նրա խոսքով՝ միշտ չէ, որ բռնության ենթարկված անձը կարող է շարունակել ապրել նույն հասցեում, հատկապես երբ խոսքը մի քանի սերունդներից բաղկացած ընտանիքների մասին է։

Բռնություն գործադրած անձանց տեղաշարժը կվերահսկի GPS-ով

Փոփոխություններով առաջարկվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց պարտավորեցնել կրել էլեկտրոնային հսկողության միջոց, որը թույլ կտա շուրջօրյա վերահսկել նրանց տեղաշարժը և սահմանափակումների պահպանումը։ GPS համակարգը հնարավորություն կտա նաև վերահսկել նրանց մոտենալը արգելված գոտիներին։

ՆԳՆ-ում պարզաբանել են, որ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշման շրջանակում էլեկտրոնային հսկողություն կիրառելու հնարավորությունը նախատեսվել էր դեռ 2023 թվականին, սակայն գործող օրենսդրությամբ բռնություն գործադրած անձը պարտավոր չէ կրել համապատասխան սարքը։

Այդ միջոցը կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել։ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ վարչական պատասխանատվությունն այս դեպքում բավարար չէ, քանի որ էլեկտրոնային հսկողության նպատակը բռնության կրկնությունը կանխելն ու բռնության ենթարկված անձին պաշտպանելն է։ Նախաձեռնությունը հիմնավորելիս նախարարությունը հղում է արել Ֆրանսիայի, Կանադայի և ԱՄՆ-ի փորձին։

Էլեկտրոնային հսկողության վերաբերյալ փոփոխություններն ուժի մեջ են մտել 2026 թվականի մարտի 1-ից։

Leave a Comment