
ԱՄՆ Թեքսաս նահանգի Օսթին քաղաքի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և ԱՄՆ-ից ռուսական ընկերություն սարքավորումներ մատակարարելու համար։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի օգոստոսը Կիրակոսյանը հանդես է եկել որպես միջնորդ՝ ձեռք բերելով ամերիկյան արտադրանքի, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչներ և դրանք վերավաճառելով ռուսական կողմին։
Կիրակոսյանն ամերիկյան ընկերություններին ներկայանում էր որպես Հայաստանում գործող գնորդ՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։ Գործի նյութերի համաձայն՝ նա համագործակցել է ռուսական «Вакуум.ру» ընկերության հետ։
Նա ձերբակալվել է Գերմանիայում՝ 2024 թվականին և 2025 թվականի օգոստոսին արտահանձնվել ԱՄՆ-ին։ Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ սա վերջին չորս տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։