ՀՀ կառավարությունը մինչև սեպտեմբերի վերջ երկարաձգել է ջերմատնային արտադրանքի, թարմ մրգերի, սննդամթերքի և խմիչքների արտահանման համար փոխհատուցումների տրամադրումը։ Որոշումը գործադիրը կայացրել է սեպտեմբերի 3-ի նիստում, ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Երկու ծրագրով սեպտեմբերյան վճարումների համար կպահանջվի շուրջ 5,77 մլրդ դրամ (15,1 մլն դոլար)։
Շուրջ 1,8 մլրդ դրամ (4,7 մլն դոլար) նախատեսված է ջերմատնային բանջարեղենի, ելակի և ծաղիկների արտահանման աջակցության համար։ Եվս 3,97 մլրդ դրամ (10,4 մլն դոլար) կուղղվի մրգերի, գինու, կոնյակի, հանքային ջրի, չրերի, ձկան և այլ արտադրանքի արտահանման, ինչպես նաև վերամշակման նպատակով դեղձի և թզի մթերման փոխհատուցմանը։
Երկրորդ ծրագրով մրգերի արտահանման համար փոխհատուցումը կկազմի 150-200 դրամ մեկ կիլոգրամի դիմաց։ Խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար կտրամադրվի 350 դրամ, պտղահատապտղային գինու՝ 200 դրամ, հայկական բրենդիի կամ կոնյակի յուրաքանչյուր բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ։ Իշխանի արտահանման համար փոխհատուցումը կկազմի 820 դրամ մեկ կիլոգրամի դիմաց, թառափի համար՝ 1350 դրամ։
Արտահանման համար փոխհատուցվող ապրանքների ցանկից հանվել են կեռասը, ազնվամորին, մոշը և հոնը։ Չինաստանն ավելացվել է այն շուկաների ցանկում, որտեղ հանքային ջրի արտահանման համար կտրամադրվի բարձրացված՝ 150 դրամ մեկ լիտրի դիմաց փոխհատուցում։
Սեպտեմբերին իշխանություններն ակնկալում են շուրջ 11,6 հազար տոննա մրգի և հատապտղի արտահանում։ Վերամշակման նպատակով դեղձի և թզի մթերման փոխհատուցումը ևս կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը։
Ծրագրերն իրականցվում են Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառած սահմանափակումների ֆոնին։ Ռուսական կողմը հայտնել էր, որ սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
