Past.am | Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի և Իրանի միջև նախատեսվում է գործարկել «Պարզեցված մաքսային միջանցք», որը կարող է զգալիորեն փոխել երկու երկրների միջև բեռնափոխադրումների և մաքսային ձևակերպումների ընթացքը։

Past.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել համապատասխան արձանագրության ստորագրմանը։ Նախաձեռնությունը ներկայացվել է իրանական կողմի առաջարկով։

Նոր համակարգի շրջանակում Հայաստանը և Իրանը մինչև ապրանքների ու տրանսպորտային միջոցների մուտքը մյուս երկրի տարածք էլեկտրոնային եղանակով կփոխանակեն տեղեկություններ բեռների, փոխադրամիջոցների և տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ։

Համակարգը նախատեսվում է կիրառել կամավորության սկզբունքով՝ մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնություն ունեցող օրինապահ տնտեսվարողների նկատմամբ։

Պարզեցված ընթացակարգերը կտարածվեն բոլոր տեսակի ապրանքների և տրանսպորտային միջոցների վրա՝ բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտի։

Նախաձեռնության հիմնական նպատակը մաքսային գործընթացների արագացումն է։ Ակնկալվում է, որ կկրճատվեն պահանջվող փաստաթղթերի քանակը, իսկ բեռնատարների և այլ փոխադրամիջոցների՝ սահմանին սպասելու ժամանակը կնվազի։

Past.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ «Պարզեցված մաքսային միջանցքի» լիարժեք գործարկումը հնարավոր կլինի Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և շինարարական աշխատանքների ավարտից հետո։

Նախաձեռնությունը համահունչ է նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, որով նախատեսվում է խորացնել տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և քայլեր ձեռնարկել «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորման ուղղությամբ։

Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի ակտիվության մասին են վկայում նաև պաշտոնական ցուցանիշները։ 2025 թվականին Իրանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է շուրջ 687 մլն դոլար, մինչդեռ 2024 թվականին այն կազմել էր մոտ 635.4 մլն դոլար։

2026 թվականի առաջին եռամսյակում Իրանից Հայաստան ներմուծումն արդեն կազմել է շուրջ 157.2 մլն դոլար։

Նոր միջանցքի ներդրումը, ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման, պետք է նպաստի հայ-իրանական առևտրի և բեռնափոխադրումների դյուրացմանը՝ հատկապես օրինապահ տնտեսվարողների համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment