«Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց և Crew-13 առաքելության պահեստային անդամ Հարություն Կիվիրյանը հաջողությամբ հանձնել է համալիր մարզումների քննությունը՝ ավարտելով նախապատրաստական վերջին փուլը, հայտնել է Տիեզերագնացների մարզման կենտրոնը (CTC)։
Տիեզերագնացի խոսքով՝ մարզումները համակարգվում են «Ռոսկոսմոս»-ի և NASA-ի միջև, ինչի շնորհիվ դրանց փուլերն ու ուսումնասիրության խորությունը շատ նման են։
Ռուսական անձնակազմի անդամները ձեռք են բերում ավելի խորը գիտելիքներ Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) «Ռուսական հատվածի» համակարգերի վերաբերյալ։ Շեշտադրումն արվում է արտակարգ իրավիճակներին արձագանքման և ամերիկյան անձնակազմի հետ փոխգործակցության վրա։
«Մեր կենտրոնում մենք մարզումների ընթացքում ներառում ենք բոլոր արտակարգ իրավիճակները, ուստի ես պատրաստ եմ գործել տարբեր պայմաններում և ցանկացած տիեզերական համակարգով։ Ես չէի ցանկանա թռիչքի ժամանակ հանդիպել արտակարգ իրավիճակների, բայց մենք պատրաստ ենք դրանց»,- քննությունից առաջ նշել է Կիվիրյանը։
Կիվիրյանի աշխատանքային օրը, ստանդարտ գրաֆիկին համապատասխան, տևել է 8 ժամ։ Այդ ընթացքում նա կատարել է «Electron» թթվածնի մատակարարման համակարգերի միացում, բժշկական զննման անցկացում, BTN-Neutron-2 փորձի իրականացում, հեռուստատեսային հաղորդագրության ձայնագրում և հաղորդում Երկիր։
Քննական փուլի ընթացքում տիեզերագնացը հաջողությամբ հաղթահարել է նաև մի շարք մոդելավորված ճգնաժամային իրավիճակներ․ կապի կորուստ ՄՏԿ-ի ռուսական և ամերիկյան հատվածների միջև, էլեկտրամագնիսական փականի խափանում «Նաուկա» լաբորատոր մոդուլի «Electron» համակարգում, ռուսական հատվածի ներքին համակարգչային ցանցի խափանում, հրդեհ ՄՏԿ-ի ռուսական հատվածում։
Հարություն Կիվիրյանն իրեն հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարել է հաջողությամբ։
