Հայաստանը «շատ շուտով» կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը. Լավրով

Հայաստանը «շատ շուտով» կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը, Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն մի շարք երկրներ շարունակում են ձգտել անդամակցել միությանը։

«Մեր սերբ բարեկամները, հիմա էլ մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ մենք ուզում ենք անդամակցել Եվրամիությանը։ Վստահ եմ՝ նրանց մոտ այդ ցանկությունը շատ շուտով կվերանա»,- հայտարարել է Լավրովը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր նույն համաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։

Նրա խոսքով՝ Երևանն ինքնուրույն կորոշի անդամակցության հարցը, իսկ Մոսկվան՝ այն արտոնությունների, որոնք Հայաստանը կարող է կորցնել Եվրամիության հետ մերձեցման դեպքում:

2025 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ 2026 թվականի օգոստոսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս մտադիր է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել։

Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, և կոչ է արել Երևանին ավելի արագ կողմնորոշվել ընտրության հարցում։ Փաշինյանը չի համաձայնել, որ այդ որոշումը պետք է կայացնել հիմա։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ԵԱՏՄ-ին անդամակցության իրական այլընտրանք չի ստեղծել, ուստի վերջնական ընտրություն կատարելու ժամանակը դեռ «չի հասունացել»։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը գործընկերներին չի տեղեկացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։

Leave a Comment