ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խիստ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև գիշերվա ընթացքում վերսկսված փոխադարձ կրակոցների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ Գուտերեշին հատկապես անհանգստացրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումները, այդ թվում՝ Իրանում հարսանեկան արարողության ուղղությամբ ենթադրյալ հարվածի մասին տեղեկությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ բնակչության դեմ բոլոր հարձակումները և հիշեցրել, որ կողմերը պարտավոր են պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։
Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, զսպվածություն ցուցաբերել և խուսափել այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը։
ՄԱԿ-ում զգուշացրել են, որ հետագա էսկալացիան կարող է կործանարար հետևանքներ ունենալ ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
Գուտերեշը նաև ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել շտապ վերադառնալ դիվանագիտական ճանապարհին՝ ընդգծելով, որ համապարփակ և երկարատև կարգավորման հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով։