Ռուսաստանը չի տեսնում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան որևէ այլ կողմի փոխանցելու պատճառ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը Հայաստանում գործում է համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Մենք թարմացրել ենք երկաթուղային շարժակազմը, այդ թվում՝ 2020-2021 թվականներին նորացրել ենք ուղևորատար վագոնները։ Ընկերությունը շահույթ է ստանում։ Հետևաբար, մենք կոնցեսիան փոխանցելու պատճառ չենք տեսնում։ Ընկերությունը պատրաստ է մասնակցել երկաթուղու զարգացմանը»,- ասել է Օվերչուկը։
Նա հիշեցրել է, որ հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել էր աջակցել Հայաստանին՝ երկաթուղու այն հատվածների կառուցման հարցում, որոնք կապելու են Հայաստանի երկաթուղային ցանցն Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
«Կարող է շատ լավ կապակցվածություն առաջանալ։ Մենք պատրաստ ենք դա անել Հայաստանի կառավարության հետ համատեղ»,- նշել է Օվերչուկը։
