Փաշինյան-Պուտին հանդիպմանն ի՞նչ էր իրականում ցանկանում Մոսկվան

Փաշինյան-Պուտին հանդիպմանն ի՞նչ էր իրականում ցանկանում Մոսկվան

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Ռուսաստանի նախագահը կրկին խոսել է «Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ» երկընտրանքի մասին։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն։

Մինչդեռ Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ-ն չի հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, և որ, ուսումնասիրելով իրավական բազան, որևէ խախտում չեն հայտնաբերել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի նկատմամբ։

Մինչ երկու երկրների ղեկավարների քննարկման բովանդակությանն անդրադառնալը, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ սա ընտրություններից հետո Փաշինյանի և Պուտինի առաջին հանդիպումն էր, որով ՌԴ նախագահն ընդունեց, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա բաց մասում կողմերն իրենց դիրքորոշումները ևս մեկ անգամ հաստատեցին, և դիրքորոշումները ևս մեկ անգամ բախվեցին։ Կարծում եմ՝ փակ մասում ևս խոսակցությունը եղել է այս տրամաբանության մեջ, առ այն, որ Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումները որոշ հարցերում տարբերվում են և չեն համընկնում»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

ՌԴ նախագահը երեկվա հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանի կողմից այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումն ինքնին նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։ Սակայն, ըստ Ռոբերտ Ղևոնդյանի, պաշտոնական Մոսկվան՝ նախագահի գլխավորությամբ, կարող է այդ հարցն այլ կերպ մեկնաբանել։

«Բայց կան փաստաթղթեր, փաստաթղթերով Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել, և քանի դեռ այդ դիմումը չի ուղարկել, փաստացի Հայաստանն այդ գործընթացը չի սկսել։ Այլ բան է, որ, այո՛, գուցե Եվրամիությանն անդամակցության գործընթացում ինչ-որ մի պահի լինի իրավիճակ, երբ Հայաստանն այդ դիմումը պետք է ուղարկի Եվրասիական տնտեսական միությանը, այդ ժամանակ նոր դրա մասին կխոսենք»,- ընդգծեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Պուտինն այժմ ցանկանում է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացն արագ տեղի ունենա։ Ըստ նրա՝ սա Հայաստանը կդարձնի խոցելի, և Մոսկվան կփորձի օգտվել այդ իրավիճակից։ Սակայն Ռոբերտ Ղևոնդյանի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները հասկանում են նման քայլի անթույլատրելիությունը և չեն գնա այդ արկածախնդրության ճանապարհով։

Իսկ թե ինչու է Մոսկվան այդքան շահարկում «ԵՄ, թե ԵԱՏՄ» ընտրության հարցը, քաղաքագետը պարզաբանեց․

«Հենց դրա համար, որ ցանկանում է ճնշում գործադրելու միջոցով Հայաստանին մղել դեպի արկածախնդրություններ»,- հավելեց Ղևոնդյանը։

Չնայած՝ երեկ տեղի ունեցավ բավականին ծավալուն քննարկում, Պուտինն ու Փաշինյանը չհամաձայնեցին ԵՄ անդամակցության մտադրության մասին օրենքի և ԵԱՏՄ անդամակցության հարցերում ու պայմանավորվեցին խոսակցությունը շարունակել փակ դռների հետևում։ Քաղաքագետը հուսով է, որ առաջիկայում սպասվող հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ քայլ չի կատարի այն ուղենիշներից, որոնք գծագրվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment