Ֆրանսիայում բացահայտվել է հանցավոր խմբավորում, որը ծրագրել էր առևանգել 26 հայտնի և մեծահարուստ անձանց, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի աստղ Կիլիան Մբապեին։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են 18-ամյա Կլեման Լ.-ին, որը «Լեսթեր Զ» կեղծանունով ղեկավարել է հանցավոր կազմակերպությունը։
Երիտասարդն արդեն ազատազրկման պատիժ է կրում զինված կողոպուտի և կավատության համար։ Քննիչները պարզել են, որ նա նույնիսկ բանտախցից շարունակել է ղեկավարել խմբավորումը՝ Snapchat-ի միջոցով հրահանգներ տալով անդամներին։
Հետաքննության ընթացքում նրա երկու բջջային հեռախոսներում հայտնաբերվել են 26 հավանական թիրախների հասցեներ և այլ տեղեկություններ։ Ցուցակում եղել են ֆուտբոլիստներ, ռեփերներ և խոշոր գործարարներ։
Դատական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահայտնի թիրախներից մեկը Կիլիան Մբապեն էր։ Ցուցակում ընդգրկված էին նաև ռեփեր, ոսկերիչ, թուրք մսավաճառ և չինացի գործարար։
Խմբավորման հետքի վրա ոստիկանությունը դուրս է եկել ապրիլին Նյոյի-սյուր-Սենում շքեղ ժամացույցների խանութի կողոպուտի գործը հետաքննելիս։