ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանում ռուսական ընկերությունների աշխատանքի խնդիրների և երկաթուղու կառավարման գործող կոնցեսիայի վերաբերյալ։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսական երկաթուղիների» կառավարման գործող կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի ինտեգրմանը միջազգային տրանսպորտային ցանցին և նվազեցնում այլ երկրների ընկերությունների հետաքրքրությունը երկաթուղային ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու նկատմամբ։
Փաշինյանը նաև առաջարկել էր դիտարկել երկաթուղու կոնցեսիոն իրավունքը երրորդ կողմին փոխանցելու կամ Հայաստանին վերադարձնելու հնարավորությունը։ Ավելի ուշ՝ օգոտսոսին, Ազգային ժողովում նա նշել էր, որ հնարավոր ներդրողների հետ նախնական քննարկումներում կոնցեսիոն իրավունքի վաճառքի համար շուրջ 400 մլն դոլարի բանավոր առաջարկ է հնչել։
Արդեն սեպտեմբերի 1-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործում են ինչպես հաջող, այնպես էլ ոչ արդյունավետ ռուսական ընկերություններ։
«Մենք ունենք շատ հաջող ռուսական ընկերություններ, կան նաև ոչ հաջող ռուսական ընկերություններ։ Եվ ես կարծում եմ, որ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի խնդիրն է։ Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այս հարցերը, քանի որ դա նաև ձեր շահերից է բխում»,- հայտարարել է Փաշինյանը։
Ի պատասխան՝ Օվերչուկը հայտարարել է, որ Փաշինյանը պատժամիջոցային ռիսկերի պատճառով «Ռուսական երկաթուղիները» ներկայացնում է որպես Հայաստանի համար «թունավոր» ընկերություն, սակայն, ՌԴ փոխվարչապետի գնահատմամբ, նման պնդումը չի համապատասխանում իրականությանը։
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիներն» ինչ-որ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար։ Սակայն «Ռուսական երկաթուղիները» Ռուսաստանի տարածքով իրականացնում են բեռների, այդ թվում՝ տարանցիկ բեռների փոխադրումներ, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» որևէ թունավորության կամ պատժամիջոցների հարց չի բարձրացնում՝ բացի Փաշինյանից»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի հարցը մանրամասն կքննարկվի Մոսկվայում երկկողմ բանակցությունների ընթացքում։
Փաշինյանի հետ բանակցություններից հետո Պուտինը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով երկաթուղու թեմային, հայտարարել է, որ դրա զարգացման համար ներդրումները կախված կլինեն փոխադրումների ծավալից։
«Երկաթուղին, օրինակ։ Այն, կոպիտ ասած, մեզ մոտ վարձակալության է։ Դրա զարգացման հարցը։ Նման ենթակառուցվածքում ներդրումները կախված են միայն փոխադրումների ծավալից. փոխադրումների ծավալներ կան՝ ներդրումներ կլինեն, փոխադրումների ծավալներ չկան՝ ներդրումներ և զարգացում չեն լինի»,- ասել է Պուտինը։
Հայաստանի երկաթուղային ցանցը 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» (ՀԿԵ)։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով՝ կողմերի համաձայնությամբ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Փաշինյանի՝ կոնցեսիոն իրավունքը երրորդ կողմին հնարավոր փոխանցելու մասին հայտարարությունների ֆոնին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը և «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել էին, որ հայկական կողմից կոնցեսիայից հրաժարվելու վերաբերյալ պաշտոնական դիմում չի ստացվել։
«Ռուսական երկաթուղիներում» նաև հայտարարել էին, որ 30-ամյա պայմանագրի լուծարման կամ դրա պայմանների փոփոխության դեպքում ռուսական կողմն ակնկալելու է կատարված ներդրումների ամբողջական վերադարձ։ Ընկերության տվյալներով՝ 2008 թվականից ներդրումների ծավալը կազմել է շուրջ 396 մլն դոլար՝ ավելի քան 30 մլրդ ռուբլի։
