Ռուսաստանի երկինքը՝ վտանգի տակ․ Ուկրաինան պահանջել է ամբողջությամբ փակել օդային տարածքը

Ուկրաինայի իշխանությունները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ԻԿԱՕ) առաջարկել են ամբողջությամբ դադարեցնել քաղաքացիական օդանավերի երթևեկությունը Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։ Այս նախաձեռնության մասին նշված է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկի նամակում, որն ուղղված է կազմակերպության գլխավոր քարտուղար Խուան Կառլոս Սալազար Գոմեսին։

Ըստ պաշտոնական ուղերձի՝ ընթացող պատերազմական գործողությունների և Ուկրաինայի պատասխան քայլերի պայմաններում Ռուսաստանի երկնքում գտնվող քաղաքացիական ինքնաթիռները հայտնվում են բարձր ռիսկային գոտում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Կիևն իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ստիպված է համարժեք կերպով արձագանքել ռուսական կողմի օդային հարձակումներին։

Հաշվի առնելով անվտանգային սպառնալիքները՝ ուկրաինական կողմը ԻԿԱՕ-ին հորդորել է ազդեցություն գործել ազգային ավիացիոն իշխանությունների, միջազգային ավիաընկերությունների և աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողների վրա։ Կիևի պահանջն է ձեռնարկել համապարփակ սահմանափակող քայլեր՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի վրայով տարանցիկ և ուղիղ բոլոր չվերթների լիակատար արգելքի սահմանումը։

Leave a Comment