Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգել են զոհվածների հիշատակը և ծաղիկներ խոնարհել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ։ Պանթեոնից ուղիղ հեռարձակում է իրականացրել Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Հիշատակի միջոցառումներին մասնակցել են Արցախի խորհրդարանի և ղեկավարության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ։
Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի անկախության հռչակման օրը։ 35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց անկախություն Խորհրդային Ադրբեջանից։
Միջոցառումների ընթացքում Արցախի ներկայացուցիչներն անդրադարձել են արցախահայերի վերադարձի իրավունքին, պետական ինստիտուտների գործունեությանը և հետագա քաղաքական օրակարգին։ Նրանք, մասնավորապես, խոսել են վերադարձի հարցը քաղաքական օրակարգում պահպանելու և Արցախի խորհրդարանի գործունեության մասին։

Արցախի ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը նշել է, որ հազարավոր հայրենակիցների զոհողությունները հանուն ազատության, ազգային արժանապատվության և Արցախի չպետք է ապարդյուն անցնեն։
Բաղունցը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Արցախի ԱԺ պատգամավորները չեն կարողանում քվորում ապահովել կամ հավաքվել։ Նա պարզաբանել է, որ ԱԺ նիստերի կամ հավաքների հարցը ժամանակավորապես սառեցվել է դիտավորյալ՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը։
Ըստ նրա՝ այդ որոշման վրա ազդել են ՀՀ-ում տիրող քաղաքական մթնոլորտը և իշխանությունների դիրքորոշումը Արցախի պետական ինստիտուտների գործունեության վերաբերյալ։
«Ընթանում են բավականին լուրջ քննարկումներ, որոնք հաշվի են առնում մեր ողջ պոտենցիալը, հանրային տրամադրությունները, ՀՀ-ում տիրող մթնոլորտը և ՀՀ իշխանությունների դիրքորոշումը»,- պարզաբանել է նա։

Պատասխանելով Արցախի հարցի և արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում Սփյուռքի ներգրավվածության մասին Armenia Today-ի հարցին՝ Բաղունցը նշել է, որ Արցախի Ազգային ժողովի որոշմամբ ստեղծված «Արցախի հիմնական խնդիրների պաշտպանության հանձնաժողով»-ում ներգրավվել են Սփյուռքի ակտիվ քաղաքական գործիչներ, որոնք մշտապես զբաղվել են Արցախի հարցով։
«Այդ հանձնաժողովը ակտիվ գործունեություն է ծավալում մինչ այսօր։ Մենք կապը պահպանում ենք իրենց հետ և քանի որ սուղ հնարավորություններ ունենք անմիջապես ներկայանալ տարբեր միջազգային հարթակներ և այնտեղ բարձրաձայնել Արցախի բազմաթիվ խնդիրները, մենք փորձում ենք իրենց միջոցով այդ խնդիրները լուծել»,- պարզաբանել է պատգամավորը։

ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Արցախ վերադարձի հարցը կարող է բարձրացվել հետագայում, սակայն այս պահին այն օրակարգում չէ։
Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, և դեռ կան տեխնիկական հարցեր, որոնք պետք է հստակեցվեն։ Բալայանը չի համաձայնել նաև այն գնահատականի հետ, որ ԱԺ նախագահի ընտրության հարցը սառեցվել է՝ նշելով, որ այն առկախված է, իսկ քննարկումները շարունակվում են։
«Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել է, որ արցախցիների վերադարձի հարցով «միասնական ճակատ չկա»։
«Չեմ ուզում այս պարագայում առանձնացնել միայն արցախյան կողմը, չնայած ես կարծում եմ և վստահ եմ, որ առաջնորդողը պիտի լինի արցախյան կողմը։ Ցավոք սրտի ստացվում է այնպես, որ մենք բոլորս խոսում ենք, խոսում ենք բոլորս նույն բանի մասին, բոլորս թվում է, թե ուզում ենք նույն բանը, բայց բոլորս անջատ ենք գործում»,- նշել է Հակոբյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ վաղ թե ուշ Արցախի կորստին մասնակից անձինք պատասխանատվության են ենթարկվելու։
Նա առանձին անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Ղազարյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը չի նպաստում դրանց զարգացմանը, իսկ Փաշինյանի հայտարարությունների և Ռուսաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների ֆոնին դժվար է խոսել Երևան-Մոսկվա հարաբերությունների բարելավման մասին։ Նա նաև հիշեցրել է խորհրդարանում վարչապետի հայտարարությունները հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նաև ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում։ Արցախի անկախության օրվան նվիրված հայտարարությունում կուսակցությունը նշել է, որ տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ անտեսելով Արցախի հայության հիմնարար իրավունքները, այդ թվում՝ անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի իրավունքը։
Դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը շեշտել է, որ իշխանությունները բոլոր տոները սգո օրվա են վերածել։
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, անարդարություն է, միջազգային առումով հանցանք է և ուշ թե շուտ հանցանքի մասնակիցները պատասխանատվության են ենթարկվելու։ Որովհետև չէր կարող ԵԽ-ի պատասխանատվության տարածքում տեղի ունենալ նման պատերազմ, ցեղասպանություն և բռնի տեղահանություն միայն ու միայն ազգային պատկանելության պատճառով»,- նշել է պատգամավորը։

«Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Արցախի հարցի առաջմղումը և արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանությունը չեն կարող էսկալացիայի ռիսկ ստեղծել։
«Հիմնվելով իրենց տրամաբանության վրա, եթե իրենք ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վկայակոչում էին լեգիտիմության հետ կապված հարցերը, միջազգային իրավունքի նորմերի փաստաթղթեր են վկայակոչում, ապա ես կարող եմ ասել, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին արցախցիների վերադարձը»,- հիշեցրել է նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հայտնել է, որ Արցախի պաշտպանության ուղղությամբ իրենց կատարած աշխատանքից գոհ չէ։
«Չենք փայլել մեր աշխատանքով։ Բայց ես համոզմունք ունեմ, որ այդ օրը կգա և ինչում թերացել ենք, թերացումը պետք է հետ բերենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- նշել է նա։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան։ Վերադարձի հարցը շարունակում է մնալ այն թեմաներից մեկը, որը բարձրացնում են Արցախի ներկայացուցիչները։
2025 թվականի օգոստոսին Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը փաստաթղթում առանձին ամրագրված չէ։
