Ռազմաբազայի փակումը կարող է 15 հազար աշխատատեղի կորուստ բերել․ Ֆարմանյան

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի փակումը կարող է հանգեցնել մինչև 15 հազար աշխատատեղի կորստի, տնտեսական ազդեցության կրճատման, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ տարբեր գնահատականներով՝ մեկ զինծառայողի հաշվով տնտեսությունում ձևավորվում է 2-3 աշխատատեղ։

«102-րդ ռազմաբազայում շուրջ 5000 զինծառայողի հաշվարկով՝ դրա փակումը կարող է նշանակել մինչև 15,000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում»,- գրել է Ֆարմանյանը։

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ ռազմակայանը գտնվում է Շիրակի մարզում, որտեղ, նրա խոսքով, աղքատության մակարդակը գերազանցում է 40%-ը։

«Ի՞նչ ազդեցություն կունենա դա Գյումրիի և ամբողջ Շիրակի տնտեսության վրա։ Հետևությունները թողնում եմ հանրությանը»,- եզրափակել է պատգամավորը։

Ֆարմանյանի հայտարարությանը նախորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 1-ի հայտարարությունը, ըստ որի՝ Մոսկվան կհանի ռազմաբազան Հայաստանից, եթե հայկական կողմը համարի, որ անհրաժեշտությունն այլևս չկա։

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանում ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2044 թվականը։

Leave a Comment