Արցախի անկախությունը պետք է առաջնահերթ տեղ զբաղեցնի ազգային օրակարգում, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով հղած ուղերձում։
«Ըսած ենք, կը կրկնենք եւ մի՛շտ պիտի ըսենք, թէ Արցախի անկախութիւնը պատմութեան փոշիներուն տակ թաղուած չէ։ Ան մեր ազգի օրակարգին վրայ առաջնահերթ տեղ պէտք է գրաւէ՝ որքան ալ փորձենք իրապաշտութեան պիտակին ետին անցեալի էջը նկատենք փակուած»,- ասված է ուղերձում։
Արամ Ա-ն նաև կոչ է արել շարունակել պայքարը Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքի և Բաքվում պահվող հայերի ազատ արձակման համար։
«Չի բաւեր միայն յիշել, հարկ է զայն վերածել պայքարի՝ ի խնդիր Արցախի անկախութեան վերականգնման, արցախահայութեան վերադարձի իրաւունքներու վերահաստատման եւ Արցախի քաղաքական բանտարկեալներուն շուտափոյթ ազատագրման»,- հայտարարել է կաթողիկոսը։
Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհվածներին և հիշատակել Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Խաղաղության աղոթք է կատարվել։
Մայր Աթոռի միաբանությունն ու ներկաներն աղոթել են բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև ժողովրդի խաղաղության և բարօրության համար։
Արարողության ավարտին աղոթք է մատուցվել նաև արցախյան պատերազմներում զոհվածների հոգիների հանգստության համար։
