Հրապարակախոս Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պուտինն ասում է՝ դե պիտի ապրանքափոխադրման ծավալ լինի, որ հայաստանյան երկաթուղային ենթակառուցվածքներում ներդրում էլ լինի։
Դեռ մի կողմ թողնենք, որ դա ուղղակի կամ անուղղակի խոստովանություն է մինչև այսօր Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղային ցանցում բավարար մակարդակով ներդրումներ անելուց հրաժարվելու, այլ կերպ ասած՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին։
Ավելի հետաքրքիր հարց կա․ բա որ հայաստանյան երկաթգծերն այնքան անշահավետ էին, որ զարգացման համար անհրաժեշտ ծավալի ներդրումներ անելու կարիք չէիք տեսնում, որ դեռ պետք է սպասեք, տեսնեք՝ երբ պիտի մեծանա բեռնափոխադրումների ծավալը, որ շահույթ ունենաք, ինչո՞ւ էիք ձեռք բերում․ որ ի՞նչ անեք՝ կոնսերվացնե՞ք։
Մենք էլ միամտաբար կարծում էինք, որ ներդրում պետք է անես, որպեսզի ծավալն ու շուկան ընդլայնես։
Կամ եթե հետո եք հասկացել, որ այնքան էլ ձեռնտու չէր այդ երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք ատամներով պահում ծախսատար, ձեր կարծիքով՝ բեռ հանդիսացող այդ համակարգի կառավարումը։ Ախր ձեզ խնդրում են հետ վերադարձնել։ Այդ ո՞ր օրվանից է վնասով աշխատելը տնտեսապես ձեռնտու։ Տնտեսագիտական այդ ի՞նչ լոգիկա է։ Դա նոր ռուսական տնտեսագիտական մտքի արգասի՞ք է։
Իրականում իրավիճակն ավելի քան պարզ է․ ՌԴ նախագահը պարզապես բաց տեքստով ասում էր, որ հայկական երկաթգծային համակարգի կառավարումն իրենց համար այսպես կոչված քաղաքական գործարք է, ու դիվիդենդներն էլ քաղաքական են, ոչ թե տնտեսական։ Իսկ քաղաքական դիվիդենդների դեպքում երբեմն ձեռնտու է ոչ թե ներդրումներ կատարել, այլ զուտ պահպանման խնդիր լուծել՝ կառավարման վերցված համակարգը զրկելով ծավալվելու, զարգանալու հեռանկարից։ Մանավանդ երբ խոսքը ոչ թե սեփական, այլ ուրիշի սեփականությանն էր վերաբերում»։
