Ռուսաստանը 2023 թվականից ի վեր աջակցել է Իրանին գերձայնային թևավոր հրթիռների ստեղծման գործում՝ իրականացնելով C430L ծածկագրով գաղտնի նախագիծը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով համատեղ հետաքննությանը, որը հիմնված է ռուսական կողմի գրագրությունների արտահոսքի, փոխադարձ այցերի տվյալների և ռազմական արտոնագրերի վերլուծության վրա։
Ըստ աղբյուրի՝ համագործակցությունը չի դադարեցվել անգամ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների ֆոնին։
Ծրագրի հիմնական նպատակը եղել է ուղղահոս ռեակտիվ շարժիչի մշակումը, ինչը թույլ է տալիս հրթիռին զարգացնել ձայնի արագությունը։ Ռուսական կողմից նախագծի համակարգմամբ զբաղվել են «Рособоронэкспорт» և «НПО машиностроения» ընկերություները՝ գործընթացում ներգրավելով հրթիռաշինության ոլորտի առաջատար մասնագետների։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իրանին արդեն հաջողվել է պատրաստել նմանատիպ շարժիչ և իրականացնել դրա թռիչքային փորձարկումները։ Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալներ կամ հաստատված տեղեկություններ առ այն, որ ռուսական աջակցությամբ ստեղծված նոր հրթիռային համակարգերն արդեն ընդունվել են իրանական բանակի սպառազինության մեջ, այս պահին չկան։