Քննչական կոմիտեն պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործը միջնորդել է դատարան ուղարկել։
ՔԿ-ն տեղեկացրել է, որ Օհանյանի քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Կոմիտեն հիշեցրել է, որ գործը վերաբերում է 2008 թվականին ՊՆ համակարգում բնակարանների հատկացման գործընթացին։ Քննչական մարմինը հայտնել է գործի նախաքննության ավարտի մասին։ ՔԿ վարկածով՝ Օհանյանը, չունենալով այդ գործընթացին միջամտելու լիազորություն, հանձնարարել է իր հետ բարեկամական կապերի մեջ գտնվող ՊՆ աշխատակցին արտահերթ բնակարան տրամադրել։ Հանձնաժողովը նրան նույն նիստում ընդգրկել է բնակարանային հաշվառման ցանկում և արտահերթ հատկացրել Երևանում երեք սենյականոց բնակարան։
ՔԿ-ի գնահատմամբ՝ դրա հետևանքով տարիներ շարունակ բնակարանային հաշվառման հերթում գտնվող շահառուների իրավունքներին և օրինական շահերին էական վնաս է պատճառվել։
Օհանյանի նկատմամբ այս վարույթով 2025-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։ Հոդվածի այս մասով առավելագույն պատիժը 4 տարվա ազատազրկումն է։ Օհանյանին այլ հոդվածներով ու դրվագներով նույնպես մեղադրանքներ էին առաջադրվել, նա անցնում է նաև Մարտի 1-ի գործով։
Կարդացեք նաև՝
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
