Ո՞ր կանգառին է հասել «Աջափնյակ» կայարանի կառուցման խոստումը

Երևանի մետրոպոլիտենի ընդլայնումը տարիներ շարունակ եղել է մայրաքաղաքի ամենասպասված, բայց նաև ամենահետաձգված նախագծերից մեկը։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով մետրոյի արդիականացման ու նոր կայարանների կառուցման հարցը կրկին օրակարգում է։ Առաջիկա հինգ տարիներին գործադիրը նախատեսում է երկու նոր կայարան կառուցել և արդիականացնել մետրոպոլիտենը։ «Աջափնյակի» դեպքում սա առաջին նման խոստումը չէ․ նախագիծը տարիներ շարունակ ունեցել է նոր ժամկետներ, վերանայված արժեքներ և ֆինանսավորման տարբեր սցենարներ, բայց շինարարությունն այդպես էլ չի մեկնարկել։

Կառավարությունը խոստանում է առաջիկա հինգ տարիներին մետրոյի երկու նոր կայարան կառուցել։ Դրանցից մեկն «Աջափնյակ»–ն է, մյուսի անունը դեռ հստակ չէ, բայց այն նախատեսվում է «Զորավար Անդրանիկ» ու «Սասունցի Դավիթ» կայարանների միջև։

Աջափնյակում մետրոյի թունելները կառուցվել են դեռ խորհրդային տարիներին, բայց կայարանն այդպես էլ չի կառուցվել։ Անկախությունից հետո սկսվել է այլ պատմություն՝ հին խոստումով, բայց նոր ժամկետներով ու նախագծով։

Այս երկար դադարին կառավարության նիստերից մեկի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ շուրջ 30 տարի նման ծավալի նախագիծ չի իրականացվել․

«Շատ կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը, ի վերջո, սկսենք, ընդ որում ուզում եմ ասել, որտեղ ի հեճուկս տպավորությունների ոչ մի հետաձգում չկա»։

Գրեթե չորս տասնամյակ անց Աջափնյակի մետրոյի պատմությունը հասել է նույն կետին․ կայարանը պետք է կառուցվի։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում գործադիրը ոչ միայն այս նպատակն է ամրագրել, այլև նախատեսել Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում ու ցանցի ընդլայնում։

Սակայն շինարարության մեկնարկի և ավարտի ժամկետները ծրագրում չեն մանրամասնվում։

«Աջափնյակ» կայարանի մասին խոսել են Երևանի տարբեր քաղաքապետեր։ Դեռ 2018–ին այս դրույթը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում էր․

«Քանի որ մետրոն համարվում է աշխարհում ամենաէկոլոգիապես մաքուր տրնասպորտը մենք նույնպես զարգացնելու ենք այս ուղղությունը։ Նախատեսում ենք առնվազն մեկ կայարանի կառուցում Աջափնյակում՝ Թումոյի մոտ»։

Չորս տարի անց՝ 2022-ի նոյեմբերին, արդեն քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էր վարչապետին վստահեցնում, որ նախագծումն ընթացքի մեջ է, և կայարանը կառուցվելու է․

«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ նախագծման աշխատանքներն այս փուլում ընթանում են։ Մենք առաջին փուլի նախագծման փաթեթը ստացել ենք։ Հաջորդ տարի ամբողջ նախագիծն ունենալու ենք և ուղղակի այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն, պարոն վարչապետ»։

Ավինյանի 2023-ի հայտարարությամբ՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտվեին 2024-ին, իսկ 2025-ին պետք է տրվեր շինարարության մեկնարկը։ Բայց 2025-ին Աջափնյակում շինարարություն չսկսվեց։ Այդ շրջանում Ավինյանը նաև ընդգծել էր՝ գումարի խնդիր չկա։ Մեջբերում 2023-ի նիստից․

«Առաջին անգամ բացի խոսակցություններից մենք ունենք նախագիծ այս տարվա վերջով, որը որ հնարավորություն ունենք դնել շինարարական մրցույթի, որի համար ունենք գումար»։

2023-ին քաղաքապետարանի համար պատկերը կարծես թե պարզ էր․ կար և՛ նախագիծ, և՛ գումար, նախատեսվում էր հաջորդ տարի սկսել շինարարությունը։ 2024-ին, սակայն, քաղաքապետարանից հնչեց մեկ այլ հայտարարություն՝ աշխատանքներն ընդունված են, սակայն պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն․

«Այստեղ ունենք նաև վճարման խնդիր և այդ վճարման խնդիրը, կարծում եմ, պետք է հնարավորինս արագացնել, որովհետև տևական ժամանակ է՝ ընդհանուր առմամբ, աշխատանքներն ընդունել ենք, բայց ամբողջ ծավալով մեր վճարումներն ու պարտավորությունները չենք կատարել»։

2025-ի տվյալներով՝ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 105 մլրդ դրամ, ևս 1,8 մլրդ դրամ պետք է նախագծման աշխատանքների համար։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին բյուջեից փոխանցվել է անհրաժեշտ գումարի շուրջ 10 տոկոսը․

«Ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից։ Ուզում եմ նաև շեշտել, որ 2025 թվականի համար արդեն իսկ կառավարության կողմից 2025 թվականի ընդունված բյուջեում մոտ 9.6 մլրդ դրամ է հատկացվել մետրոպոլիտենի նախնական շինարարական աշխատանքների իրականացման համար»։

2026-ի հունվարին արդեն ներկայացվում էր ծրագրի նոր՝ 98 մլրդ դրամ գնահատականը։ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ–ից հայտնել էին, որ նախագծային աշխատանքները կատարվել են 2021–2025 թվականներին, իսկ առաջիկա 5 տարիներին նախատեսվում է ծրագրի փաստացի իրականացումը։

Հունիսին «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել էր պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն։ Քաղաքապետարանը հայտնել էր, որ հաջորդ քայլը ֆինանսավորման հաստատումն է և շինարարության մրցույթի նախապատրաստումը։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ից «Ռադիոլուր»-ին տեղեկացրին, որ ծրագրի արժեքը չի նվազել․ 98 մլրդ դրամը ներառում է շինարարական բուն աշխատանքներն ու տարածքների օտարման ծախսերը, իսկ նախկինում նշվող 105 մլրդ դրամի մեջ մտնում էր նաև տեխնիկական հսկողություն իրականացնող միջազգային ընկերության ծառայությունների արժեքը՝ շուրջ 7 մլրդ դրամ, որն օրենքի պահանջով ֆինանսավորվելու է առանձին։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայան․

««Աջափնյակ» կայարանի մասով մենք ներդրումային ծրագրով և նախագծանախահաշվային փաստաթղթերով կազմված ունենք գնահատված ծրագիրը 98 միլիարդ դրամ։ Այս պահին ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից։ Որևէ միջազգային գործընկերներոջ հետ կամ վարկային գործիքակազմով խոսակցություն չի գնում, որ ծրագիրը կֆինանսավորվի»։

Հուլիսին Հանրային ներդրումների կոմիտեն հաստատել է «Աջափնյակ» կայարանի կառուցման ու Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագիրը։

Երևանի քաղաքապետն էլ հավաստել է՝ սա հաստատված ծրագրերից ամենահասուններից մեկն է։ Մնում է լուծել միջազգային ֆինանսավորող գործընկերոջ հարցը, որը, ըստ Տիգրան Ավինյանի, կհստակեցվի մեկ-երկու ամսում։

Leave a Comment