ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց դեպի Սյունիք

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց դեպի Սյունիք, որտեղ շարունակվում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» / Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը իրականության վերածելու ուղղությամբ աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

«Հայաստանյան կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը։

Նրանք հանդիպելու են ՏԻՄ ներկայացուցիչների, համայնքների բնակիչների հետ՝ անդրադառնալու նրան, թե ինչպես ԹՐԻՓՓ-ը կարող է ամրապնդել տարածաշրջանային փոխկապակցվածությունը և նոր հնարավորություններ բացել՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Պաշտոնյաները նաև կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում։

Այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment