Խաչատրյանին պատգարակով տանից տեղափոխել են դատարան – armeniatoday.am

Ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Պաշտպանական կողմը նաև հրապարակել է Խաչատրյանին բերման ենթարկելու և դատական նիստի կադրերը, որոնցում նա պատգարակի վրա է։

Փաստաբանների խոսքով՝ 71-ամյա Խաչատրյանը զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Նրանք պնդում են, որ միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։

Փաստաբանական խմբի հրապարակած կադրերից մեկում երևում է, թե ինչպես են Խաչատրյանին պատգարակով տեղափոխում։ Մյուս տեսագրությունում նա դատական նիստի ընթացքում պատգարակի վրա է։

Պաշտպանական կողմը տեղի ունեցածը որակում է որպես պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքի խախտում և խոշտանգում։

Խաչատրյանը այսօր`սեպտեմբերի 1-ին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքով։ Նույն օրը Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվել Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում ու մասնաճյուղերում։

 

Leave a Comment