ՇՀԿ երկրները դատապարտել են Իրանի դեմ պատերազմը – armeniatoday.am

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները դատապարտել են Իրանի տարածքին հասցված ռազմական հարվածները, նշվում է Բիշքեկում ընդունված՝ ՇՀԿ 25-ամյակին նվիրված հռչակագրում։

Հռչակագրում նշվում է, որ դրանք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և զգալի վնաս հասցրել երկրի տնտեսությանը։

«Նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև լուրջ վտանգներ են ստեղծում միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության համար»,- նշվում է փաստաթղթում։

ՇՀԿ անդամ երկրները վերահաստատել են Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը և հանդես եկել հակամարտությունը բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին։ Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել և ստորագրվել է 28 փաստաթուղթ։ Դրանց թվում են ՇՀԿ կանոնադրության փոփոխությունները, անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի համընդհանուր կենտրոնի և կազմակերպության հակաթմրանյութային կենտրոնի գործադիր կոմիտեի կանոնակարգերը։

Անդամ երկրները հաստատել են մինչև 2030 թվականը թմրամոլության, սինթետիկ թմրանյութերի և դրանց բաղադրիչների տարածման դեմ պայքարի ծրագրերը, ինչպես նաև 2026-2028 թվականների միջազգային տեղեկատվական անվտանգության համագործակցության ծրագիրը։

Ընդունվել են նաև 2026-2030 թվականներին նավահանգիստների և լոգիստիկ կենտրոնների զարգացման ճանապարհային քարտեզը, ՇՀԿ տարածքում տվյալների մշակման տարածաշրջանային կենտրոնների ստեղծման և արհեստական բանականության ոլորտի զարգացման հայեցակարգը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հուշագրերը։

Գագաթնաժողովում ստորագրվել են կենսաբազմազանության պահպանմանը, «Կանաչ տեխնոլոգիաների միջանցքի» ստեղծմանը, էներգախնայողությանը, էներգետիկ համակարգերի զարգացմանը, միջուկային անվտանգությանը և արտակարգ իրավիճակներից տուժած պետություններին օգնություն տրամադրելուն վերաբերող փաստաթղթեր։ ՇՀԿ քարտուղարությունն ու Աֆրիկյան միության հանձնաժողովը նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցել են Բելառուսի, Իրանի, Ղազախստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի վարչապետները։ Նիստը վարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

«ՇՀԿ+» ընդլայնված ձևաչափի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Թուրքիայի, Մոնղոլիայի և Լաոսի նախագահները, Վիետնամի փոխնախագահը, Եգիպտոսի փոխվարչապետը, Տոգոյի կառավարության ղեկավարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Leave a Comment