Դատարանի որոշմամբ Ասատրյանը պետք է հերքի Աջապահյանի մասին խոսքերը – armeniatoday.am

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ պատվի և արժանապատվության պաշտպանության հայցը, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Դատարանը զրպարտություն է ճանաչել Ասատրյանի այն հայտարարությունները, թե Աջապահյանը «տեռորիզմի մասին էր խրախուսում», «բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ», ինչպես նաև «կին և աղջիկ ունի»։ 

Դատարանը պարտավորեցրել է Ասատրյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պատկանող «Հայկական ժամանակի» armtimes.com կայքում հրապարակել հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ՝ հերքելով Աջապահյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։

Դատարանի հաստատած տեքստում Ասատրյանը պետք է հայտարարի. «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ «Հայկական ժամանակի» տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Աջապահյանը տեռորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»։

Դատարանը նաև Ասատրյանից հօգուտ Աջապահյանի 1 մլն դրամ բռնագանձելու որոշում է կայացրել՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։ Հայցվորը պահանջել էր 2 մլն դրամ։ Եվս 50 հազար դրամ Ասատրյանից կբռնագանձվի հօգուտ պետական բյուջեի՝ որպես պետական տուրքի գումար։ Հայցը մնացած մասով մերժվել է։

Հայցի համար հիմք է դարձել 2026 թվականի հունվարի 22-ին «Հայկական ժամանակի» YouTube-յան ալիքում հրապարակված հարցազրույցը, որին Ասատրյանը ներկայացել էր որպես «Տեր Արամ»։ Անդրադառնալով Աջապահյանին՝ նա հայտարարել էր. «Ինքն ուներ ազատություն, խոսելու հնարավորություն, բայց որոշեց այդ խոսքը օգտագործել չար բաների համար, անգամ գիտեք, որ տեռորիզմի մասին էր խրախուսում, էդպիսի արտահայտություններ էր անում և դրա համար էլ հայտնվեց բանտում»։

Ասատրյանը նաև հայտարարել էր, որ Աջապահյանը «չի դադարում բանտից ևս սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։

Հարցազրույցի մեկ այլ հատվածում Ասատրյանը պատմել էր, որ իրեն մի կին և մի աղջիկ էին գրում, ապա, իր խոսքով, պարզել էր, որ նրանք Աջապահյանի կինն ու աղջիկն են։

«Ուզում եմ ասեմ, որ ժողովուրդը ամեն ինչ գիտի, հենց հիմա իր կինը, իր աղջիկը Գյումրիի փողոցներում ազատ շրջում են»,- հայտարարել էր նա։

Հայցը ներկայացնելու պահին հարցազրույցն ունեցել է 27,4 հազար դիտում և 1,2 հազար հավանում։ Գործի նյութերի համաձայն՝ «Հայկական ժամանակի» YouTube-յան ալիքն ունեցել է 88,5 հազար բաժանորդ, իսկ Facebook-ի էջը՝ 228 հազար հետևորդ։

Դատարանն արձանագրել է, որ վիճարկվող արտահայտությունները պարունակում են Աջապահյանին վերաբերող փաստացի տվյալներ և հրապարակային հասանելի էին անորոշ թվով օգտատերերի։

Այդ տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելու փաստն ապացուցելու պարտականությունը դրված էր Ասատրյանի վրա։ Առաջին դատական նիստին նա հայտարարել էր, որ հաջորդ նիստերին դատարան կբերի Աջապահյանի կնոջն ու աղջկան՝ իր վկայակոչած փաստերը հաստատելու համար, սակայն դա չի արել և սահմանված ժամկետում որևէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց չի ներկայացրել։

Ավելի ուշ Ասատրյանը դատարան է ներկայացրել անձանց դիմապատկերներով լուսանկարներ և լրատվական կայքերի հրապարակումներ։ Դատարանը, սակայն, դրանք չի գնահատել, քանի որ ապացույցները ներկայացվել են սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ ժամկետը վերականգնելու միջնորդությունը չի բավարարվել։

Դատարանը նաև արձանագրել է, որ Աջապահյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու համար, սակայն նրա մեղադրանքը հաստատող օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ չկա։ Դատարանն ընդգծել է, որ Աջապահյանին մեղադրանք չի առաջադրվել «տեռորիզմի խրախուսման»՝ ահաբեկչության որևէ դրսևորման, ինչպես նաև բանտից պետության հանդեպ սպառնալիքներ հնչեցնելու համար։

Աջապահյանի՝ «կին և աղջիկ ունենալու» մասին հայտարարության վերաբերյալ դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ չի հաստատվել նրա՝ գրանցված ամուսնություն ունենալու փաստը, ինչպես նաև չի հաստատվել իրենից սերված երեխայի հայրությունը ճանաչված լինելու փաստը։ Դատարանի գնահատմամբ՝ անձանց լուսանկարները չեն կարող հաստատել ամուսնացած լինելու կամ որևէ մեկից երեխա սերված լինելու փաստը՝ առանց համապատասխան փորձաքննության։

Դատարանը հաշվի է առել, որ Աջապահյանը կուսակրոն հոգևորական է։ Ըստ դատարանի՝ ամուսնացած լինելու կամ երեխա ունենալու վերաբերյալ չհաստատված տեղեկությունների հրապարակումն արատավորում է նրա՝ որպես կուսակրոն հոգևորականի արժանապատվությունը, պատիվն ու համբավը։

Ասատրյանը պնդել էր, որ արտահայտել է գնահատողական դատողություններ և քննադատել հանրային գործչի։ Նա նաև հայտնել էր, որ իրավաբան չէ և չի կարողացել Աջապահյանի գործողություններին ճշգրիտ իրավական գնահատական տալ։ Դատարանը, սակայն, արձանագրել է, որ Աջապահյանի վերաբերյալ ոչ թե քննադատություն է հնչել, այլ մեղադրանքներ և տեղեկություններ։

Փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առել տեղեկությունների տարածման եղանակն ու շրջանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աջապահյանը հոգևորական և թեմի առաջնորդ է, իսկ նրա գործունեությունն առավելապես ուղղված է հավատացյալներին, հետևաբար հրապարակված տեղեկություններն անդրադարձել են նաև նրա հետևորդներին։

Ասատրյանը հայտնել էր, որ ծանր գույքային դրություն ունի և կանոնավոր եկամուտ չունի, սակայն դատարանին իր գույքային դրությունը հիմնավորող բավարար ապացույցներ չի ներկայացրել։ Միաժամանակ գործում առկա էր ապացույց Ասատրյանին անշարժ գույք՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում հողամաս պատկանելու վերաբերյալ։

Դատարանը 1 մլն դրամ փոխհատուցումը՝ հերքման հետ զուգորդված, գործի հանգամանքների հաշվառմամբ ողջամիտ է համարել։

Մարտի 19-ին կիրառված հայցի ապահովման միջոցը՝ վիճարկվող տեսանյութին երրորդ անձանց հասանելիության սահմանափակումը, դատարանը պահպանել է մինչև վճռի փաստացի կատարումը։

Ասատրյանը Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվն էր։ Նա 2025-ին կարգալույծ էր հռչակվել Հայ Առաքելական եկեղեցու կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ։ Ասատրյանը հրապարակայնորեն դեմ էր դուրս եկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և քննադատել Մայր Աթոռի ղեկավարությանը։ 

Leave a Comment