Իրանի զինված ուժերն անարձագանք չեն թողնի Միացյալ Նահանգների կողմից որևէ սադրիչ քայլ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով հակառակորդի գործողությունների նկատմամբ մշտական զգոնության անհրաժեշտությունը։
Դիվանագիտական գերատեսչության խոսնակը նշել է նաև, որ ամերիկյան կողմը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի փոխըմբռնման հուշագրի պարբերական խախտումների համար։
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-ն չի պահպանում ստանձնած պարտավորությունները։
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ հունիսին, Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում էր կրակի անհապաղ դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում։ Այդուհանդերձ, հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ Իսլամական Հանրապետությանը մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող կետերի չկատարման մեջ։