Իրանը Լարակ կղզուն ԱՄՆ-ի հարվածից հետո ՄԱԿ-ից պահանջել է միջոցներ ձեռնարկել

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցում գտնվող Լարակ կղզուն ԱՄՆ-ի հասցրած հարվածից հետո, հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի նամակին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված դիմումում իրանական կողմը ամերիկյան հարձակումն անվանել է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Թեհրանը նաև հայտարարել է, որ Լարակի ուղղությամբ հարվածը դարձել է փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունների ավելի լայն արշավի մի մասը։ Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ և պահանջել պատասխանատվության ենթարկել հարձակման կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավված անձանց:

Իրանական կողմը հայտարարել է ինքնապաշտպանության իր իրավունքի մասին՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի։ Ավելի վաղ Թեհրանը հայտնել էր Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին՝ ի պատասխան Լարակի վրա հարձակման:

ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ հարված է հասցրել կղզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու հրթիռային կայանքներին այն բանից հետո, երբ հայտնաբերել է Հորմուզի նեղուցում ծովային ականների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ: Վաշինգտոնը գործողությունն համարել է սահմանափակ և միտված նավագնացությանը սպառնացող վտանգի կանխմանը:

Լարակին հասցված հարվածը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իրանի տարածքին ամերիկյան առաջին հաստատված հարվածն էր և ուղեկցվեց տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա Թեհրանի պատասխան հարձակումներով։ Սրանով սկսվել էր ռազմական դիմակայության նոր փուլը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը լիովին բացառում է Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։

Թրամփը նշել է, որ միջուկային հարվածը չի դիտարկվում որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու գործիք և ներկա իրավիճակում չունի ո՛չ ռազմավարական, ո՛չ էլ մարտավարական իմաստ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել Իրանի տարածքին ամերիկյան հարվածների շարունակումը և հայտարարել, որ իրանական զինված ուժերը զգալիորեն թուլացած են։

Leave a Comment