ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում, իսկ նախկինում հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, հայտնել է ՀՀ գլխավոր դտախազությունը։
Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից ԳԴ-ն պահանջում է 193 անշարժ գույք և $1,5 մլրդ-ի ակտիվներ:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, Քննչական կոմիտեն Armenia Today-ին հաստատել էր Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը։ Գերատեսչության տվյալներով՝ այդ պահի դրությամբ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացվել։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ հանրային քրեական հետապնդումը փոփոխելու և լրացնելու մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 29-ին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Մեղադրանքը վերաբերում է չորս դրվագի։ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, Բրյուսովի անվան համալսարանին պատկանող գույքի ապօրինի օտարման սխեմային մասնակցելու և փողերի լվացման համար։
Միաժամանակ Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 29 իրավաբանական անձում մասնակցություն, 14 շարժական գույք, ինչպես նաև այլ ակտիվներ։
Բռնագանձման պահանջների թվում են շուրջ $1,451 մլրդ-ի չափով ձեռք բերված պարտատոմսեր, շուրջ $147 հազար ավանդ, շուրջ $23,081 մլն-ի, 409,806 մլն դրամի և €9,75 հազարի չափով փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև շուրջ 17,7615 մլրդ դրամ։
Բռնագանձման ենթակա 193 անշարժ գույքից 46-ը բնակարաններ են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 89-ը՝ անշարժ գույք Կոտայքի մարզում։ 29 իրավաբանական անձանց թվում դատախազությունը նշել է «ՄԵԳԱՍՊՈՐՏ» և «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ընկերությունները։
Առաջին դրվագը վերաբերում է անշարժ գույք ստանալուն, որը, ըստ մեղադրանքի, Խաչատրյանը ստացել է որպես կաշառք։ Դատախազության տվյալներով՝ 2008-2010 թվականներին նա «Պրոգրես Արմենիա» և «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությունների տնօրենից անշարժ գույք է ստացել ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, հարկային և մաքսային մարմինների կողմից ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վերահսկողական գործառույթները մեղմելու և առանձին դեպքերում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու դիմաց։
Խաչատրյանի որդու անվամբ ձևակերպվել են Երևանի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ նրա երկու որդիների անվամբ՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող ևս երեք տարածք։ Ձևական առուվաճառքի պայմանագրերում անշարժ գույքի ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմել է 484 մլն դրամ, մինչդեռ գործարքների կնքման ժամանակ դրանց ընդհանուր շուկայական արժեքը, ըստ դատախազության, կազմել է 2,179 մլրդ դրամ։
Երկրորդ դրվագը վերաբերում է 2011-2017 թվականներին «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներին։ Խաչատրյանը մեղադրվում է, ի թիվս այլնի, պետական բյուջեի միջոցներից 174,581 մլն դրամ վատնելու համար։ Դատախազության տվյալներով՝ փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական միջոցներից վճարվել է 85,497 մլն դրամ, իսկ կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար միջին շուկայական արժեքից ավելի վճարելու արդյունքում «Սահակյանշին» ընկերությանը հավելյալ վճարվել է ևս 89,083 մլն դրամ։
Երրորդ դրվագը կապված է Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող 208,908 մլն դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման ենթադրյալ սխեմայի հետ։ Այս դրվագում դատախազությունը հիշատակում է նաև կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ին (ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան — AT)։
Ըստ դատախազության՝ Ա.Ա.-ի և համալսարանի այն ժամանակվա ռեկտորի միջև նախնական համաձայնությամբ որոշվել է արհեստականորեն 25%-ով բարձրացնել դասախոսների աշխատավարձերը՝ համալսարանի համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն ստեղծելու նպատակով։ Այնուհետև համալսարանին տրամադրվել է 200 մլն դրամի բյուջետային վարկ, որից հետո առաջարկ է ներկայացվել համալսարանին պատկանող անշարժ գույքն օտարելու և ստացված գումարով վարկային պարտավորությունները մարելու վերաբերյալ։
Դատախազության տվյալներով՝ գույքը սկզբում Խաչատրյանի և նրա որդու հետ փոխկապակցված անձը ձեռք է բերել 215,228 մլն դրամով, իսկ 2017 թվականին ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ 75 մլն դրամով, այն գրանցվել է Խաչատրյանի որդու անվամբ։
Չորրորդ դրվագը վերաբերում է 151,126 մլն դրամի ենթադրյալ փողերի լվացմանը և կապված է Գյումրիում գտնվող անշարժ գույքի համալիրի հետ։ Ըստ մեղադրանքի՝ գույքը հետագայում մի քանի անգամ օգտագործվել է փոխկապակցված երրորդ անձանց և ընկերությունների խոշոր պարտավորությունների ապահովման համար։
Դատախազությունը նաև հայտնել է օգոստոսի 24-ին ստացված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքների մասին։ Եզրակացության համաձայն՝ Խաչատրյանը չունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել քրեական վարույթով որևէ վարութային գործողության նրա մասնակցությանը։ Փորձագետները նաև արձանագրել են, որ համապատասխան ցուցման դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի բժշկական հաստատությունների մասնագիտացված բաժանմունքներում։ Վիրահատական միջամտության անհրաժեշտության հարցը կարող է դիտարկվել ՄՌՏ հետազոտությունից հետո, որից, ըստ դատախազության, Խաչատրյանը հրաժարվել է։
