Հայաստանն ակտիվացնում է հարաբերությունները մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռի հետ, երբ որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել երկրի անկախությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Երևանի բազմաբևեռ արտաքին քաղաքականության սկզբունքը ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ նման քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելն ու ուժեղացնելն է։
«Երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունը ինքնիշխանության և անկախության բարդություններով լեցուն ճանապարհին»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և Եվրոպական Միության հետ։
Փաշինյանի խոսքով՝ Հնդկաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, և այժմ աշխատանք է տարվում դրանց փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ։
Վարչապետը նաև հայտնել է, որ այսօր հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այսօր ես հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»,- ասել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանային քաղաքականությանը՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, խորացնելով բարեկամական հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ, միաժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով է գնում։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում է միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ։ Նախագծի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։
Փաշինյանի խոսքով՝ նախագիծը տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Արևելքից Արևմուտք՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև Հարավից Հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Վարչապետը նշել է, որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը՝ այդ գործընթացում առանցքային համարելով Միավորված ազգերի կազմակերպության դերը։
