84 տարեկանում մահացել է Ճապոնիայի առաջին տիեզերագնաց Տոյոհիրո Ակիյաման, որը 1990 թվականին «Միր» ուղեծրակայանի անձնակազմի կազմում տիեզերք էր մեկնել՝ որպես TBS հեռուստաընկերության լրագրող։ Ակիյաման երկար տարիներ աշխատել է TBS-ում, որը նախաձեռնել էր խորհրդա-ճապոնական առաջին համատեղ տիեզերական թռիչքը։ Նա հաջողությամբ անցել էր ընտրությունը և 1989 թվականի հոկտեմբերից մարզվել Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում։
«Միր» կայանում Ակիյաման ուղիղ հեռուստահաղորդումներ էր վարում, դասեր անցկացնում դպրոցականների հետ և կենսաբանական փորձեր իրականացնում։ Նա համարվում է տիեզերք մեկնած առաջին պրոֆեսիոնալ լրագրողը։ Նա առանձնահատուկ ջերմությամբ էր հիշում խորհրդային տիեզերագնացներ Գենադի Մանակովին և Գենադի Ստրեկալովին, որոնց հետ 1990 թվականի դեկտեմբերին ավելի քան յոթ օր անցկացրել էր «Միր» կայանում։
