Իրանը ՄԱԿ-ից պահանջում է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից Լարակ կղզուն հասցված հարվածի կապակցությամբ

Իրանը ՄԱԿ-ից պահանջում է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից Լարակ կղզուն հասցված հարվածի կապակցությամբ


Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պաշտոնապես պահանջել է միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցի Լարակ կղզուն ԱՄՆ-ի հասցրած ռազմական հարվածից հետո:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը։ Օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակում կազմակերպությունում Իրանի դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար Ղոլամհոսեյն Դարզին ԱՄՆ-ի գործողությունները որակել է որպես Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։Դարզին հայտարարել է, որ Թեհրանը «խստորեն դատապարտում է ագրեսիայի այս անօրինական ակտը»։


Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերն, իրագործելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը, պաշտպանական և համաչափ հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին, որոնք օգտագործվում էին Վաշինգտոնի «հանցավոր հարձակումների և ագրեսիայի» համար։Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հարվածների համար կրում է միջազգային պատասխանատվություն, իսկ այն անձինք, որոնք հարձակման հրաման են տվել, ղեկավարել են այն կամ մասնակցել դրան, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։Դարզին ընդգծել է, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության և անվտանգության սպառնալիքի միակ աղբյուրը Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են։


Նա կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Իրանի ինքնիշխանության խախտման խնդիրը լուծելու, ուժի անօրինական կիրառման համար պատասխանատվությունն ապահովելու և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացումը կանխելու համար։ Իրանը զգուշացրել է, որ ցանկացած թշնամական գործողություն կարժանանա վճռական պատասխանի։Իրանը պահանջել է, որ նամակը հրապարակվի և տարածվի որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ, նշում է հեռուստաալիքը։Օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ ուժերը հարվածել էին Լարակ կղզուն՝ թիրախավորելով իրանական կայանքներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ականներ էին արձակում դեպի Հորմուզի նեղուց։ Իրանն այս հարձակմանը պատասխանել էր՝ օգոստոսի 31-ի գիշերը թիրախավորելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա, ինչպես նաև ԱԹՍ արձակելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment