Սեպտեմբերի 1-ը խորհրդանիշն է իմաստության, ինքնակատարելագործման և մասնագիտական վերելքի նոր փուլի․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր

ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ սովորողներ, հարգարժա՛ն դասախոսներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը սրտանց շնորհավորում է ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ը պարզապես տոնացուցային ամսաթիվ չէ․ այն խորհրդանիշն է իմաստության, ինքնակատարելագործման և մասնագիտական վերելքի նոր փուլի: Այն անցած ճանապարհը վերաիմաստավորելու, նոր հորիզոններ նախանշելու և դրանք գիտելիքի ուժով նվաճելու վճռականության օրն է:

Հարափոփոխ աշխարհի արդի մարտահրավերներին դիմակայելու և դրանք պատվով հաղթահարելու մշտական երթում որակյալ գիտելիքն է դրան տիրապետողի անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին։ Եվ այդ անփոխարինելի միջոցին հմտորեն տիրապետելու ուղին պատվով անցնելու համար հարկավոր է նվիրում, ջանք, անխոնջ աշխատանք, համառություն և սովորելով երազանքներին հասնելու անխաթար ձգտում:

Սիրելի՛ սովորողներ, վեհ գաղափարներով, պատվասիրությամբ և հայրենասիրությամբ զինված լինելն է այն ամուր հիմքը, որի վրա ձևավորվում է հանրային անվտանգությունն ապահովող բանիմաց, պատասխանատու և իր գործին նվիրված ծառայողը՝ ապագա ոստիկանն ու փրկարարը: Ձեր ներուժը համալրելու ու կոչմանը հավատարիմ լինելու մղումը թող դառնա այն շարժիչ ուժը, որն ուսումնական տարվա ընթացքում ձեզ կմոտեցնի մեր պետության համար արժանապատիվ ապագա կերտելու պատվաբեր մասնակցությանը:

Կրթահամալիրն իր դռները բացում է ձեր առջև լիարժեք պատրաստակամությամբ ու սիրով: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ մենք հետևողականորեն շարունակելու ենք կրթական միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքները: Վստա՛հ եղեք, որ Կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը պատրաստակամ են աջակցելու, խրախուսելու և կանգնելու ձեր կողքին ուսումնառության յուրաքանչյուր փուլում, որպեսզի կյանքի կոչվեն հայրենիքին ծառայելու ձեր նվիրական ձգտումները:

Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթում ենք անսպառ էներգիա, հաստատակամություն, բարձր առաջադիմություն և նոր վերելքներ՝ ի բարօրություն և ի շահ մեր պետության:

Բարի՛ երթ և արգասաբեր ուսումնական տարի»

Leave a Comment