Հունաստանը և Իսրայելը ստորագրել են 3 մլրդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր

Հունաստանը և Իսրայելը ստոագրել են շուրջ 3 մլրդ եվրո արժողությամբ պաշտպանական համաձայնագիր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Նախարարությունը գործարքն անվանել է ամենախոշորն իսրայելա-հունական ռազմական համագործակցության պատմության մեջ։

Համաձայնագիրը ստորագրել են Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Բարամը և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասը: Համաձայնագրի համաձայն՝ Իսրայելը նախատեսում է Հունաստանում կառուցել համապարփակ, բազմաշերտ ՀՕՊ համակարգ, որը բաղկացած կլինի ամբողջությամբ իսրայելական արտադրության համակարգերից:

Իսրայելը հունական կողմին կմատակարարի David’s Sling հակահրթիռային պաշտպանության համակարգեր, Barak MX հակահրթիռային պաշտպանության և հրթիռային պաշտպանության համակարգեր, Spyder կարճ հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգեր և MMR ռադարներ, ինչպես նաև կմշակի նոր ազգային հրամանատարական և վերահսկողական համակարգ:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը և Հունաստանը «ունեն ընդհանուր ռազմավարական շահեր և բախվում են ընդհանուր տարածաշրջանային մարտահրավերների»: Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կշարունակեն խորացնել պաշտպանական և ռազմավարական համագործակցությունը և «վճռականորեն գործել կայունությունը պահպանելու և իրենց անվտանգությունն ու ընդհանուր շահերը պաշտպանելու համար»:

Ըստ The Times of Israel-ի՝ գործարքը կնքվել է Իսրայելի և Թուրքիայի միջև աճող լարվածության ֆոնին՝ Անկարայի՝ Սիրիայում իր ազդեցությունն ընդլայնելու ցանկության պատճառով: Հրատարակությունը նշում է, որ Թուրքիան Հունաստանի ավանդական հակառակորդն է, և զենքի համակարգերը, ըստ կանխատեսումների, հիմնականում կօգնեն Աթենքին պաշտպանվել իր հարևանից:

Աղբյուրը նշում է, որ Հունաստանն ու Իսրայելը պահպանում են ամուր տնտեսական և դիվանագիտական ​​կապեր, Հունաստանի տարածքում շահագործում են համատեղ օդաչուների պատրաստման կենտրոն, անցկացնում են ամենամյա համատեղ զորավարժություններ և համագործակցում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի և կիբերանվտանգության ոլորտներում:

2025 թվականին Հունաստանը մոտ 739 մլն դոլարով գնել է 36 իսրայելական հրթիռային համակարգ։

Leave a Comment