Բաքվում պահվող հայերի իրավունքների խախտումներ մասին գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն օգոստոսի 21-ին իՄարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Այն ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր և Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ։

Գանգատը ներկայացվել է հասարակական գործունեության շրջանակում՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ։

Գանգատում բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից 15 հայերի նկատմամբ իրականացված «դատավարությունների» անհամապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։

Նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքից։ Միաժամանակ, ռազմական դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց վերաբերյալ գործեր քննելու և դատական ակտեր կայացնելու համապատասխան իրավասություն։

Գանգատում շեշտվում է, որ դատավարությունից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ամբաստանյալներին հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»՝ նախքան նրանց մեղավորության վերաբերյալ դատական ակտի կայացումը։ Նույն մոտեցումն արտացոլվել է նաև Ադրբեջանի պետական և իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներում, որտեղ առաջադրված մեղադրանքները ներկայացվել են որպես հաստատված փաստեր։ Այսպիսով, մեղավորության վերաբերյալ հանրային և պաշտոնական դիրքորոշումը ձևավորվել է դատական գործընթացի ավարտից առաջ՝ խաթարելով անմեղության կանխավարկածը։

Գանգատում բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր։ Մասնավորապես, 422 հատորից և շուրջ 105 հազար էջից բաղկացած գործի նյութերի մեծ մասը հասանելի չէր պատշաճ թարգմանությամբ։ Պաշտպանական կողմի՝ գործի նյութերին ծանոթանալու, թարգմանություններ ստանալու, բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու և պաշտպանյալների հետ արդյունավետ հաղորդակցվելու պահանջները մերժվել կամ անհարկի ձգձգվել են։

Պաշտպանության իրավունքի խախտումները շարունակվել են նաև «դատավճռի» տրամադրման և դրա բողոքարկման փուլում։ Գերիներին հնարավորություն է տրվել միայն ընթերցելու «դատավճիռը», որի վրա առկա չէին պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հավաստող այլ վավերապայմաններ։

Միաժամանակ, «դատավճռի» օրինակները չեն տրամադրվել ո՛չ գերիների ընտանիքներին, ո՛չ անվճար իրավաբանական օգնության շրջանակում Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբաններին․ վերջիններիս հասանելի են դարձվել միայն առանձին քաղվածքներ։ Նշվում է, որ չնայած պաշտպանության իրավունքի այս ակնառու սահմանափակումներին՝ օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանը «դատավճիռն» ու դրանով նշանակված պատիժները թողել է անփոփոխ՝ միջազգային հանրության առջև բացահայտելով Ադրբեջանի ներպետական իրավական մեխանիզմների համակարգային անարդյունավետությունը՝ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում։

Գանգատում բարձրացվում է նաև Կոնվենցիայի 7-րդ հոդվածով երաշխավորված՝ առանց օրենքի հանցագործություն և պատիժ չլինելու սկզբունքի խախտման հարցը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների մասնակցությունը ռազմական գործողություններին կամ զենք կրելը ինքնին չեն կարող նույնացվել ահաբեկչական կամ այլ հանցավոր գործունեության հետ և հիմք ծառայել քրեական պատասխանատվության համար՝ առանց յուրաքանչյուր անձի վերագրվող կոնկրետ հանցավոր արարքի և անհատական մեղքի հաստատման։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։ Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։ Օգոստոսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել էր հայ գերիների գործով բողոքները։

Leave a Comment