Պատմական, բայց արդիական փաստաթուղթ. Հայաստանի փրկության ճանապարհը՝ ըստ ՀՅԴ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի

Պատմական, բայց արդիական փաստաթուղթ. Հայաստանի փրկության ճանապարհը՝ ըստ ՀՅԴ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի

Ստորև հոդվածը ՀՅԴաշնակցության պաշտոնական օրգան «Յառաջ»-ի 1920-թ. նոյեմբերի 20-ի (էջ 2) խմբագրականն է։ Օրգանը հրատարակվում էր Երևանում: Խմբագրականը գրվել է բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ընկած Հայաստանի Հանրապետությունում պատերազմի և քաղաքական ճգնաժամի ֆոնին:

Այս խմբագրականի հեղինակը՝ Սիմոն Վրացյանը, շուտով պիտի դառնար Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետը և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին իշխանությունը հանձներ բոլշևիկներին՝ նշանավորելով Հայաստանի անկախության ավարտը: Այդ ժամանակ նա Դաշնակցության բյուրոյի՝ կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի անդամ էր: Մի քանի ամիս անց Վրացյանը նախագահեց Հանրային փրկության կոմիտեն, որը 1921 թվականի փետրվարի 18-ին բոլշևիկյան ռեժիմի տապալումից հետո Երևանում ապստամբական իշխանություն էր իրականացնում։

Երկու ամիս անց, ապրիլին խորհրդային կարգերի վերադարձից հետո, Սիմոն Վրացյանը շարունակեց, նախ Իրանում, ապա Արևմուտքում, պաշտպանել արևմտյան կողմնորոշումը և ձեռք մեկնել Թուրքիային՝ քաղաքականության նկատմամբ պրագմատիկ մոտեցման ի շահ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման։ Նա այս կողմնորոշումը կիսեց այնպիսի առաջնորդների հետ, ինչպիսիք են Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, Համո Օհանջանյանը, Արշակ Ջամալյանը, Միքայել Վարանդյանը և շատ ուրիշներ։

Հարյուրվեց տարի անց՝ 2026 թվականին, Հայաստանը ապրում է գոյաբանական ճգնաժամ, որի որոշ բնութագրեր հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժամանակշրջանը՝ մեկ հիմնական տարբերությամբ. մինչդեռ 1920 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը դեռևս չէր լուծվել, այսօր երկու հանրապետություններն էլ կասկածի տակ չեն դնում գոյություն ունեցող սահմանները։

Պարտադիր չէ համաձայնվել այս խմբագրականում ներկայացված յուրաքանչյուր նախադասության հետ՝ գնահատելու համար հոդվածի հիմնական փաստարկի արժեքն ու արդիականությունը։

Իհարկե, այս խմբագրականը միակը չէ, որը հաստատում է այնտեղ բերված փաստարկը: Օրինակ՝ Վրացեանի կողմից 1922 թվականին ԱՄՆ-ում Դաշնակցության համագումարին ներկայացված զեկույցում Վրացեանը պնդում էր, որ «ծովից ծով Հայաստանի պահանջը, առնվազն, տղայամտութիւն էր»: (Հայրենիք ամսագիր, 1922 համար 1):

Այս խմբագրականը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է դասեր քաղել պատմությունից և այդ ժամանակաշրջանի մեծ հայ գործիչների հայտարարություններից: Եվ այս պատմության ամենաիրոնիական կողմն այն է, որ Դաշնակցության պաշտոնական շտաբը Հայաստանում կոչվում է Սիմոն Վրացեանի անունով:

Այս նկատողությունները մի քանի կարելիություն կը թելադրեն.

• Հայաստանի Դաշնակցությունն ընտրեց այս անունը հավանություն տալով նախկին վարչապետի և Դաշնակցության Բյուրոյի անդամի բոլոր գրվածքներին։ (1933 թվականից հետո կուսակցութան որդեգրած քաղաքականության մեջ փոփոխությունները քիչ կապ ունեին Հայաստանի իրական պայմանների հետ. դրանք, ավելի շուտ, աքսորյալ եւ սփյուռքացած կուսակցության մը քաղաքական դեգերումներն էին, որը փորձում էր որոշակի նշանակություն գտնել Սփյուռքի եւ փոփոխվող միջազգային միջավայրում):

• Կամ, Դաշնակցության կուսակցության այսօրվա ղեկավարությունը տեղյակ չէ այս խմբագրականում պաշտպանված քաղաքականությանը և անտեղյակ է, կամ նախընտրում է անտեսել իր սեփական պատմությունը: Եվ սա լուրջ մեղադրանք է այն ղեկավարության դեմ, որը ներկայանում է որպես մեկ ու մեկ երրորդ դարից ավելի հին կազմակերպության օրինական և հավատարիմ ժառանգորդ:

• Կա նաեւ երրորդ տարբերակ. կուսակցության ներկայիս ղեկավարությունը կարող է հրապարակավ հայտարարել, որ Դաշնակցությունը, Առաջին Հանրապետությունը ղեկավարելու իր փորձից հետո, որոշակի եզրակացությունների է հանգել և ընդունել է Հայաստանի ապագայի վերաբերյալ այնպիսի տեսակետ, որի հետ ներկայիս ղեկավարությունը համաձայն չէ: Այսինքն՝ այն ոչ միայն խուսափողականորեն հայտարարում է, որ «կուսակցությունը սխալներ է թույլ տվել», այլև հստակ նշում է, թե որոնք էին թույլ տրված սխալները և ինչու են այդ քաղաքականությունն այժմ գնահատվում որպես սխալներ։ Հակառակ դեպքում կուսակցությունը չի կարող սովորել պատմությունից ընդհանրապես և ի՛ր իսկ պատմությունից, մասնավորապես։

Սակայն, վաղ թե ուշ, Դաշնակցությունը պետք է որոշի, թե ինչ է ներկայացնում հայկական աշխարհում՝ իրական քաղաքական ուժ, որը պատասխանատվություն է կրում իր անցյալի համար, թե՞ աղանդավորական կազմակերպություն, որը հենվում է իր ստեղծած կերպարի վրա և պնդում է ժառանգություն, որը քիչ կապ ունի իրական պատմության եւ, վստահաբար՝ իր սեփական պատմության հետ։

Կայծ Մինասեան

Ժիրայր Լիպարիտեան

Ներքեւ՝ խնդրոյ առարկայ պատմական խմբագրականը.

 

Հաշտության խնդիրը և մեր օրիենտացիան

Հայաստանը մեծ պետություններից իրաւապես ճանաչւած մի պետութիւն է։ և այդ ճանաչումն է մեր ժողովրդի գերաքոյն միջազգային նւաճումը։

Հայ ժողովուրդը, որ իր զաւակների միլիոնաւոր զոհերով է ձեռք բերել իր անկախութիւնը, կարող է հաշտւել իր պատմական տերիտորիայի մեծամեծ կրճատումների հետ, կարող է հրաժարւել շատ և շատ բարիքներից, բայց մի բան կայ, որի հետ նա երբեք չպետք է հաշտւի, որից երբեք նա չպետք է հրաժարւի։ Եւ այդ պանը – Հայաստանի՝ իբրև անկախ պետութեան ոչնչացումն է։

Թող լինի Հայաստան փոքր, նույնիսկ շատ փոքր, բայց անկախ պետութիւն։ 

Փոքրութիւնը երբեք արգելք չէ ապագայ զարգացման։ Փոքր էր Հունաստանը, երբ ստեղծւեցաւ և շատ թոյլ, բայց այժմ արդեն այնքան մեծ է, որ երկիւղ է ներշնչում նույնիսկ Իտալիայի պես մի զորեղ պետութեան։ Փոքր էր Սերբիան, բայց այժմ արդեն մի պատկառելի պետութիւն է։ Փոքր էր Ռումանիան, բայց այժմ երապատկել, գառապատկել է իր տերիտոիան եւ ուժը։

Ամենակարևորը պետական անկախութեան պահպանումն է, որ ամենամեծ գրավականն է ժողովրդի ապագա զարգացման։

Մեր պետութեան գոյութիւնը մեծ պետութիւնների տեսակետով, այնչափ իմաստ և արժեք ունի, որչափ նա բաժանում է Տաճկաստանը Ռուսաստանից։ Այն օրը, երբ Հայաստանը կորցրեց իր անկախութըւնը և դարձաւ փաւտօրեն խաղալիք Ռուսաստանի ձեռքին, կվերանայ այլես այն միակ ուժեղ, հիմքը, որ ստիպել էր և ստիպում է Եվրոպական մեծ պետութիւններին ընդունել Հայաստանի իբրև պետութեան գոյութիւնը։

Եթե Հայաստանը կամենում է ապրել՝ իբրև պետութիւն, ամեն կերպ նա պիտի խուսափէ լինել իր մեծ հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի խաղալիքը։ 

Մյուս կողմից՝ մեր դարեոր թշնամին, Տաճկաստանը, կարող է ի վերջոյ հաշտւել մեր պետական գոյութեան հետ միայն այն ժամանակ, երբ մենք մի անգամ ընդմիշտ կհրաժարւենք ռուսական օրիենտացիայից։

Ճիշտ է, Մուստաֆա Քեմալի Տաճկաստանը, որ այսօր պատերազմում է մեզ հետ, հանդես է գալիս՝ իբրև բոլշևիկեան Ռուսաստանի դաշնակիցը։ Բայց քաղաքական մեծ իմաստութիւն պէտք չէ ըմբռնելու համար, թե թուրք-ռուսական բարեկամութիւնը մի ժամանակավոր զինակցութիւն է օբյեկտիվ, յարատև շահերով միայնգամայն հակամարտ երկու ուժերի միջև։ 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թուրքերի և ռուսերի ներկայ բարեկամութիւնը մի արհեստական կապ է, որ կարող է կտրւել ամեն վայրկեան և անխուսափելիօրէն պիտի կտրվի, երբ մեկ կամ միւս կողմը հասած կլինի իր գլխավոր նպատակին։

Ռուսաստանը Տաճկաստանի պատմական թշնամին է, և այս թշնամութիւնը չի բոխել երբեք իշխողների սուբյեկտիւ ցանկութիւններից, այլ եղել է երկու պետութիւնների ու ժողովուրդների գոյութեան և զարգացման օբյեկտիւ պայմանների անխուսափելի արդիւնք։

Ահա թե ինչու ոչ բոլշևիկները, ոչ էլ քեմալականները կարող են փոխել իրենց, փոխել իրենց պետականութեան հիմնական ուղղութիւնը, ճիշտ այնպես, ինչպես Անգլիան վերջին եվրոպական պատերազմի ժամանակ եղավ Ռուսաստանի զինակիցը, որովհետև այդ էր պահանջում Անգլիայի ժամանակավոր շահը: Բայց այդ զինակցութիւնը փնավ չխանգարեց, որ Անգլիան մնա Ռուսաստանի ամենամեծ և ամենավտանգավոր թշնամին։

Ռուսերի հետ լինելով չէ, որ հայ ժողովուրդը կարող է ապահովել իր և իր պետութեան գոյութիւնը։ Որովհետև ռուսների ներկայութիւնը Անդրկովկասում, միջազգային ներկայ պայմանների մեջ, յարատեւ չի կարող լինել և նա վաղ թե ուշ պիտի վերանայ, անխուսափելիորեն, հենց որ լուծվի ռուսական խնդիրը։

Ռուսաստանը ինքն էլ, իր բոլշևիկ իշխողների բերանով, բազմիցս յատնել է, որ պատրաստ է յարգել, ճանաչել Անգլիայի շահերը Անդրկովկասում։

Հայ ժողովուրդը և Հայաստանը չեն կարող կապել իրենց բաղդը մի պետութեան հետ, որ իր իսկ խոստովանութեամբ պիտի հեռանայ Անդրկովկասի սահմաններից, եթե Անգլիան և Եվրոպական միւս մեծ պետությիւները կամենան հաշտւել նրա գոյութեան հետ։

Իր փրկութեան համար Հայաստանը ունի միայն մի ճանապարհ՝ գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարևանի՝ Թուրքի հետ։

Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել և ապահովել իր պետական և ֆիզիկական գոյութիւնը, յարատեօրեն, նա պետք է ունենայ ոչ թե ռուսական, այլ թուրքական՝ օրիենտացիա։

Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեւրօպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ, առանց վերապահութեան, ամենայն հավանականութեամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից և նրա դրութիւնը վրացիներից էլ լաւ կլիներ։

Մի անգամ ընդ միշտ մենք պիտի ըմբռնենք, որ օտարի վրա յենւելով չէ որ մենք կարող ենք իրապէս խաղաղութիւն ձեռք բերել մեր ժողովրդի համար, այլ միմիայն մեր սեփական ուժերին ապաւինելով պիտի որոշենք մեր բաշդը մեր ուժեղ հարևանների՝ Թուրքիայի հետ։

Ամեն մի օտար միջամտութիւն, մանաւանդ ռուսների միջամտութիւնը, կարող է միայն վնասակար լինել հայ և թուրք ժողովուրդների յարատեւ խաղաղացման համար։ 

Որովհետև օտարը, նախ պիտի խտացնե այն փոխադարձ անվստահութեան մթնոլորտը, որ գոյութիւն ունի երկու դարաւոր հարևանների միջև, ու անկարելի դարձնէ մի հաստատուն համաձայնութիւն։ Եւ երկրորդ, օտարը պիտի աշխատե մեզ գործիք դարձնել իր սեփական շահերի և նպատակների համար, որոնց տեսակէտով հայ թուրքական յարադև ու անկեղծ հաշտութիւնը իրապես ցանկալի էլ չէ։

Մինչդեռ հայ ժողովուրդը, ինչպես և թուրք ժողովուրդը, կարօտ է յարադև հաշտութեան։

Բավական է, ինչքան խաբւեցինք օտարներից։

Դնենք մեր յոյսը միայն մեր ուժի վրա և խօսենք մեր թշնամու հետ երես առ երես՝ առանց «բարերար» միջնորդների։ Եվ այն, ինչ որ ձեռք կբերենք այդ ճանապարհով, յամենայն դէպս, կլինի աւելի վստահելի, աւելի հաստատուն և աւելի յուսատու մի բան, քան այն, ինչ որ մենք կարող ենք ստանալ միջնորդների ջանքերով։

Leave a Comment