Երևանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Շիրակի փողոցի 49 հասցեում գտնվող շինությունների ապամոնտաժումը՝ օգոստոսի 31-ին բնակիչների հետ տեղի ունեցած բախումից հետո։
Ապամոնտաժման աշխատանքները սկսվել էին ինքնակամ կառույցների քանդման նոր կարգի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։ Բնակիչները փորձել էին խոչընդոտել աշխատանքներին՝ հայտարարելով, որ այդ տարածքում ապրում են ավելի քան 30 տարի, իսկ առաջիկա ապամոնտաժման մասին տեղեկացել են երեք օր առաջ։
Վեճի ընթացքում երկու անձ բերման էր ենթարկվել, բնակիչներից մեկին բժշկական օգնություն է ցուցաբերվել։Սեպտեմբերի 1-ին Շենգավիթի թաղապետարանում նախատեսվում է հանդիպում անցկացնել Շիրակի 49 հասցեում բնակվող ընտանիքների հետ, Armenia Today-ին հայտնել է վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու և բնակիչների հետ հանդիպում անցկացնելու որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հաշվի առնելով ընտանիքների սոցիալական վիճակը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև բնակիչների սոցիալական խնդիրները։
Armenia Today-ի հարցին՝ դիտարկվո՞ւմ է նրանց այլընտրանքային բնակարան կամ փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը, Մխիթարյանը պատասխանել է, որ այս պահին չի կարող կոնկրետ տեղեկություն հայտնել։ Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ։
Մեկնաբանելով բնակիչների պնդումները, որ այդ տարածքում ապրում են ավելի քան 30 տարի՝ Մխիթարյանը հայտարարել է, որ խնդիրը բնակության տևողությունը չէ։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում ընտանիքների զբաղեցրած տարածքն ընդլայնվել է, այնտեղ նոր շինություններ են կառուցվել, իսկ որոշ օբյեկտներ օգտագործվել են եկամուտ ստանալու նպատակով։
Մխիթարյանի խոսքով՝ ներկայում տարածքում կա մոտ տասը քարաշեն շինություն։ Բացի այդ, վարչական շրջանի տվյալներով՝ կրպակներից մեկը վերածվել է բնակելի տարածքի և վարձակալության է տրվել։Իշխանությունների միջամտության մեկ այլ պատճառ Մխիթարյանը համարել է տարածքում կենցաղային և շինարարական աղբի ապօրինի կուտակումը։ Նրա պնդմամբ՝ 2022 թվականից տարածքում գումարի դիմաց կենցաղային և շինարարական աղբ է ընդունվել՝ չնայած վարչական շրջանի բազմակի զգուշացումներին։
«Շենգավիթ վարչական շրջանում պաշտոնական աղբավայր չկա։ Նրանց անընդհատ զգուշացվել է, որ նման բան չանեն, որովհետև հանրային տարածք է վերջիվերջո»,- ասել է Մխիթարյանը։
Վարչական շրջանի ղեկավարը նաև հակադարձել է բնակիչների պնդմանը, թե առաջիկա ապամոնտաժման մասին տեղեկացել են միայն օգոստոսի 28-ին։ Նա հաստատել է, որ վերջին ծանուցումն ուղարկվել է ուրբաթ, սակայն նշել է, որ դեռ 2022 թվականից բնակիչներին պարբերաբար զգուշացրել են տարածքում շինություններ կառուցելու և աղբ թափելու վերաբերյալ, իսկ ընտանիքներին այցելել են սոցիալական աշխատողները։
«Վերջին ծանուցումը եղել է ուրբաթ օրը։ Եվ պաշտոնապես ծանուցվել են, և սոցիալական աշխատողներ են այցելել նրանց։ Ինչ վերաբերում է, որ տեղյակ չէին, իրենք լավ էլ տեղյակ էին»,- հայտարարել է Մխիթարյանը։
Օգոստոսի 31-ի բախումից հետո իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը։ Մխիթարյանի խոսքով՝ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել բնակիչների սոցիալական վիճակը, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը։
«Աշխատանքները դադարեցվել են, վաղը թաղապետարանում հանդիպելու ենք բնակիչների հետ, մի հատ էլ զգուշացնենք նրանց, որ այդ գործունեությունը դադարեցնեն, և նաև միասին կքննարկենք հետագա գործողությունները»,- ասել է Մխիթարյանը։
